Բյոռնիե-Ռոսել առանձնատուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բյոռնիե-Ռոսել առանձնատուն-թանգարան
Տեսակքաղաքային առանձնատուն
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունՄոնբելյար[1]
Հասցե8, place Saint-Martin
Հիմնադրվել է1995
Քարտեզ
Քարտեզ

Բյոռնիե-Ռոսել առանձնատուն-թանգարան (ֆր.՝ Hotel Beurnier-Rossel), XVIII դարի քաղաքային առանձնատուն, որը գտնվում է Ֆրանսիայի Ֆրանշ-Կոնտե երկրամասի Դու դեպարտամենտի Մոնբելյար քաղաքում։ 1995 թվականից այս առանձնատանը տեղակայված է «Մոնբելյար իշխանության XVIII-XIX դարերի պատմության, արվեստի եւ ավանդույթների թանգարան»-ը, որն արժանացել է ֆրանսիական պաշտոնական Musée de France նշանին[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1774 թվականին Ժորժ-Դավիդ Ռոսել և Անն-Մադլեն Բյոռնիե քաղաքաբնակ մեծահարուստ ամուսնական զույգը, որը Մոնբելյար իշխանությունում Վյուրտեմբերգների արքունիքի հետ սերտ կապեր ուներ, ֆրանսիացի ճարտարապետ Ֆիլիպ դը Գեպիերին հանձնարարեց մի նոր առանձնատուն կառուցել Մոնբելյար քաղաքի Սեն-Մարտեն հրապարակի թիվ 8 հասցեում։ Առանձնատան ճակատը նայում է Սեն-Մարտեն լյութերական եկեղեցուն, հարևանությամբ գտնվում են Մոնբելյարի քաղաքապետարանը և Bernard Fallot հյուրանոցը։

1917 թվականին Բեռնիե ընտանիքի վերջին ուղիղ հետնորդ-ժառանգների կողմից առանձնատունը կահույքի և արվեստի գործերի հետ միասին նվիրաբերվել է Մոնբելյար քաղաքին` այն որպես թանգարան օգտագործելու պայմանով։ Ընդհուպ մինչև 1937 թվականը այդ առանձնատանն էր գտնվում դեռևս 1843 թվականին կազմավորված Վյուրտբեմբերգի հերցոգների ամրոցի թանգարանը , որը հետագայում տեղափոխվեց հենց Մոնբելյար ամրոց ։ Առանձնատան՝ դեպի հրապարակ նայող ճակատը, երկրորդ հարկի գեղեցկազարդ մեծ հյուրասենյակի հետ մեկտեղ 1987 թ. դեկտեմբերի 11-ին դասկարգվել է որպես ազգային պատմական հուշարձան և պահպանվում ու խնամվում է պետության կողմից[3]։ 1995 թվականից ի վեր առանձնատան պատերի ներսում տեղավորվել է «Մոնբելյար իշխանության XVIII-XIX դարերի պատմության, արվեստի և ավանդույթների թանգարան»-ը։ Թանգարանի ցուցադրանքում, որն զբաղեցնում է Բյոռնիե-Ռոսել առանձնատան երեք հարկերը, ներկայացված է կահույքի հավաքածու, ինչպես նաև փորագրանկարների մի ճոխ ժողովածու, որի բարձրարվեստ նմուշներում վառ ու տպավորիչ կերպով արտացոլված են հանրային կյանքն իր բազմազան կողմերով և, առանձնապես, բողոքականության զարգացումը կոմսությունում, այնուհետև՝ նաև Մոնբելյար իշխանությունում։

Ինչ վերաբերում է կահույքին, ապա թանգարանի հավաքածուն բազմաթիվ բարձրարժեք ցուցանմուշներ է ներկայացնում, սկսած Kooler ընտանիքի անդամների կողմից պատրաստված, չքնաղ զարդանկարներով նմուշներից, վերջացրած կահ-կարասու գեղեցիկ առարկաներով՝ պատրաստված ինքնատիպ Montbéliard ոճով։ Թանգարանում տեղ են գտել նաև եկեղեցական հանդիսավոր ծիսակատարությունների ժամանակ և առօրյա կյանքում օգտագործվող բազմաթիվ հետաքրքիր իրեր ու առարկաներ (նկարազարդումներ, խաղալիքներ, երաժշտական տուփեր և այլն)՝ վերածվելով ուշագրավ ցուցանմուշների։ Առանձնատան հյուրասենյակները առարկայորեն, ցայտուն կերպով ցուցադրում ու արտացոլում են տասնութերորդ դարի բուրժուազիայի կյանքը (ընտանեկան դիմանկարներ, կահավորանք)։ Թանգարանում նույնքան հստակ, առարկայորեն ու ցցուն կերպով ներկայացված է նաև շենքը կերամիկական վառարաններով ջեռուցելու համակարգը, որը 1988 թվականի փետրվարի 15-ից ի վեր դասակարգված է որպես ազգային պատմական հուշարձան։

Հիշարժան դեպք[խմբագրել | խմբագրել կոդը]

1814 թվականի հունվարին Բյոռնիե-Ռոսել առանձնատուն է այցելել ռուս կայսր Ալեքսանդր Առաջինը, որը Մոնբելյար էր եկել, որպեսզի տեսնի այն վայրերը, որտեղ իր մանկությունն ու պատանեկությունն էր անցկացրել իր մայրը՝ Մարիա Ֆյոդորովնան (մինչ ամուսնանալը՝ Սոֆյա Դորոթեա Վյուրտեմբերգցի)[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. Base Muséofile M0336
  3. Base Mérimée PA00101675 Hôtel Beurnier-Rossel (ancien)
  4. De la terre comtoise à la cour des tsars de Jacqueline Mologni p.187-188 voir sur Google Books

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյոռնիե-Ռոսել առանձնատուն-թանգարան» հոդվածին։