Բարոմետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեխանիկական բարոմետր

Բարոմետր, (հունարեն՝ Papog, ծանրություն, կշիռ և հունարեն՝ μετρέω, չափ), մթնոլորտային ճնշումը չափելու սարք։ Տարածված են հեղուկային (մթնոլորտային ճնշումը հավասարակշռվում է հեղուկի սյան կշռով) և դեֆորմացիոն (աշխատանքը պայմանավորված է թաղանթավոր արկղիկի առաձգական դեֆորմացիայով, բարոմետրերը և հիփսոջերմաչափերը (աշխատում են ճնշումից կախված՝ հեղուկի եռման ջերմաստիճանի փոփոխման երևույթի հիման վրա)։ Առավել ճշգրիտ են ստանդարտ սնդիկային բարոմետրերը, որոնցում սնդիկի մեծ խտության շնորհիվ սյունը համեմատաբար կարճ է լինում։ Սնդիկային բարոմետրը բաղկացած է երկու հաղորդակից անոթներից, որոնցից մեկը վերևից փակ, օդ չպարունակող, մոտ 90 սմ երկարությամբ ապակե խողովակ է։ Որպես մթնոլորտային ճնշման չափ ընդունվում է սնդիկի սյան ճնշումը՝ արտահայտված մմ սնդիկի սյունով կամ բարերով։ Մթնոլորտային ճնշումը հաշվելիս բարոմետրի ցուցմունքների մեջ մտցնում են ճշգրտումներ, հաշվի են առնվում սնդիկի խտության ու սարքի չափերի կախումը ջերմաստիճանից, տեղանքի աշխարհագրական լայնությունից և ծովի մակերևույթից ունեցած բարձրությունից։ Հաղորդակից անոթների ձևից կախված՝ սնդիկային բարոմետրերը լինում են գավաթային, սիֆոնային և սիֆոնագավաթային։ Օդերևութաբանական կայաններում օգտվում են կայանա-գավաթային բարոմետրից։ Բոլոր սնդիկային բարոմետրերը բացարձակ սարքեր են, որովհետև դրանց ցուցմունքներով անմիջականորեն որոշվում է մթնոլորտային ճնշումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png