Բարիոնային աստղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարիոնային աստղեր, նեյտրոնային աստղեր, գերխիտ երկնային մարմիններ, որոնց զանգվածի խտությունը ատոմի միջուկի խտության կարգի մեծություն է (ատոմի միջուկի խտությունը մոտ 3, 6•1014 գ/սմ³ է)։ Ունեն մի քանի առանձնահատկություններ, բաղկացած են տարրական մասնիկների (հիպերոններ, նուկլոններ, էլեկտրոններ և այլն) խիստ այլասերված վիճակում գտնվող գազից։ Նրանց զանգվածը Արեգակի զանգվածի կարգի է (2•1033 գ), իսկ շառավիղը՝ շուրջ 10 կմ։ Առաջին անգամ 1933-1939 թթ.-ին տեսականորեն կանխագուշակվեց (Լ․Լանդաու, Ցվիկի, Ռ․ Օպենհայմեր և Վոլկով, Գամով) այնպիսի աստղերի գոյությունը, որոնք գերազանցապես բաղկացած են նեյտրոններից (այստեղից էլ՝ նեյտրոնային աստղեր անվանումը)։ Հետագայում (1938 թ.-ից) գերխիտ երկնային մարմինների հետ կապված հարցերը մանրակրկիտ մշակեցին Վ․Համբարձումյանը, Գ․ Սահակյանը և Երևանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի մի խումբ աշխատակիցներ։ Ապացուցվեց, որ առավելապես նեյտրոններից բաղկացած աստղ գոյություն ունի միայն այն դեպքում, երբ նրա խտությունը հասնում է 1013-1014 գ/սմ³։ Ավելի մեծ խտությունների դեպքում աստղը բաղկացած է բարիոններից (նուկլոններ, հիպերոններ և նրանց ռեզոնանսային մասնիկները) և համեմատաբար շատ փոքր քանակությամբ լեպտոններից (էլեկտրոններ և բացասական լիցքի մյուրոններ)։ Այդ իսկ պատճառով այս տիպի գերխիտ երկնային մարմինների համար ավելի ճիշտ է բարիոնային աստղ անվանումը (պետք է նկատի ունենալ, որ նեյտրոնները նույնպես մտնում են բարիոնների խմբի մեջ)։ Բարիոնային աստղերը կազմված են մի քանի կմ շառավղով կենտրոնական գերխիտ միջուկից (միջուկում կենտրոնացված է աստղի գրեթե ողջ զանգվածը), նեյտրոնային բարակ շերտից և էլ ավելի բարակ արտաքին թաղանթից, ուր նյութը կազմված է այլասերված էլեկտրոնա-միջուկային պլազմայից և վերջապես գազային մթնոլորտից։ Էլեկտրոնա-միջուկային թաղանթն իր հատկություններով շատ նման է ամորֆ պինդ հաղորդիչներին, ուր ատոմային միջուկները կատարում են ջերմային տատանումներ՝ սևեռված կետերի շուրջը, իսկ էլեկտրոնները ազատ լողում են նրանցով կազմված բյուրեղային ցանցում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 317