Արևն իջավ սարի գլխուն (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Արևն իջավ սարի գլխուն»
ի երգը
Լեզուհայերեն
ՀեղինակԱվետիք Իսահակյան
ԿոմպոզիտորԿոմիտաս

«Արևն իջավ սարի գլխուն», Ավետիք Իսահակյանի համանուն բանաստեղծության բառերով երգ Կոմիտաս վարդապետի մշակմամբ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակյանը «Արևն իջավ սարի գլխուն» բանաստեղծությունը գրել է 1891 թվականին, երբ դեռ սովորում էր Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Կոմիտասը բանաստեղծությունը մշակել է որպես երկձայն երգ՝ ճեմարանական աշակերտների համար։ Այն Կոմիտասի վաղ շրջանի բազմաձայնության նմուշներից է։ Հետագայում Կոմիտասը երգը մշակել է թե՛ որպես մեներգ, թե՛ որպես խմբերգ։ Երաժշտությունը գրելու ստույգ թվականը հայտնի չէ, սակայն կարող է վերագրվել 1892-1893, ամենաուշը՝ 1894 թվականին։ Ըստ Ռոբերտ Աթայանի, հավանաբար նախապես գոյություն է ունեցել Իսահակյանի բանաստեղծության մի այլ տարբերակ, կամ Իսահակյանի բանաստեղծությանը հիմք է ծառայել նախապես գոյություն ունեցած ժողովրդական մի ստեղծագործություն։ Հետաքրքիր է, որ Իսահակյանի բանաստեղծության առաջին տպագրության մեջ այն վերնագրված է եղել «Ժողովրդական մոտիվ», թեև մասնագետները կարծում են, որ այդ խորագիրը նշում է բանաստեղծության ընդհանուր բնույթը, ոչ թե փաստական հիմքը[2]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը ջահել սիրահարի մասին է, որը կարող է լինել ինչպես աղջիկը, այնպես էլ տղան։ Երգում է, որ արևն արդեն իջել է սարի գլխին, մթնշաղի տարածման հետ հավքերը դադարեցրել են իրենց երգն ու թռիչքը և իրենց բներում խոր քուն են մտել։ Միայն ինքն է, որ սիրո պատճառով չի կարողանում քնել։ Եվ մեր սիրահարը հարցնում է պարզ երկնքի այդ նախշուն աչքերին՝ աստղերին ու մեղմ քամուն, թե արդյոք տեսել են իր յարին, որտե՞ղ է նա։ Երգի վերջին քառատողը ժողովրդական շարունակություն է[2]։

Իսահակյանի «Արևն իջավ» բանաստեղծության կոմիտասյան երկձայն եղանակավորումը իր երաժշտական բնույթով հանդարտահունչ, մեղմ-քնարական, պատմողական է։

Բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևն իջավ սարի գըլխուն,
Դար ու դաշտում լույս չըկա.
Հավք ու թըռչուն մըտան խոր քուն, –
Ա՜խ, ինձ համար քուն չըկա։

Լուսնյակն ընկավ երդիկից ներս,
Կըշեռքն ելավ երկընքում,
Զով հովերն էլ մըթընշողես
Աստղերի հետ են զըրցում։

Սիրո՛ւն աստղե՜ր, անուշ հովե՜ր,
Յարըս ո՞ւր է էս գիշեր.
Պարզ երկընքի նըխշուն աչե՛ր,
Յարիս տեսա՞ք էս գիշեր։

Լուսը բացվավ, դուռը բացվավ,
Ամպ ու զամպ է, – թոն կուգա.
Ալ ձին եկավ, անտեր եկավ,
Ա՜խ, յարս ո՞ւր է, տուն չի գա…[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դիտողություններ «Ավ․ Իսահակյանը և հայ երգը» հարցի առթիվ» (PDF).(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 «Radio Station of Maratouk ensemble - Nare yar and Khorotik Manan (Armenian folk songs)».(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]