Արևահարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևահարություն, գլխի վրա արևի ճառագայթների անմիջական, երկարատև ազդեցության հետևանքով առաջացած ծանր հիվանդագին դրություն։ Արևահարության ժամանակ ուղեղի թաղանթների և ուղեղանյութի անոթները լայնանում են, լցվում արյունով։ Առաջ է գալիս ուղեղի այտուց, երբեմն՝ արյունազեղումներ, որոնց հետևանքով խանգարվում է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կենտրոնների գործունեությունը։ Արևահարության թեթև դեպքերում առաջանում է գլխացավ, գլխապտույտ, թուլություն, երբեմն՝ գրգռվածություն։ Ծանր դեպքերում՝ ջղաձգություն, փսխում, գիտակցության կորուստ։ Դեմքի և գլխի մաշկը կարմրում է, պուլսը և շնչառությունը հաճախանում են, ջերմությունը բարձրանում մինչև 39°։ Համապատասխան միջոցառումների բացակայության դեպքում հիվանդը կարող է մահանալ։ Առաջին օգնությունը՝ արևահարությունից տուժածին պառկեցնել զով և ստվերոտ տեղ, գլխին դնել սառույց կամ սառը թրջոց։ Բուժումը՝ ուղեղի այտուցը վերացնող, սրտի աշխատանքը և շնչառությունը կանոնավորող դեղամիջոցներ։ Ծանր արևահարության դեպքում՝ երկարատև բժշկական հսկողություն (1—2 շաբաթ)։ Կանխարգելումը՝ գլուխը պահպանել արևի ճառագայթներից, շոգ ժամանակ ստամոքսը չծանրաբեռնել և ոգելից խմիչքներ չօգտագործել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png