Արժեձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արժեձև, ապրանքի արժեքի դրսևորման ձև, որ արտահայտում է մի ապրանքի՝ մյուսի նկատմամբ ունեցած փոխանակային հարաբերությունը։ Այդ հարաբերությունը որոշվում է ապրանքների արժեքով։

Արժեձևի արտահայտման ձևերը[խմբագրել]

  1. պարզ, եզակի կամ պատահական,
  2. լրիվ կամ ծավալուն,
  3. ընդհանրական,
  4. դրամական։

Պարզ, եզակի կամ պատահական արժեձևը տրամաբանորեն և պատմականորեն ապրանքների արժեքի արտահայտության աոաջին ձևն է, երբ փոխանակությունն ուներ պատահական բնույթ, և մի ապրանքն անմիջականորեն փոխանակվում էր մյուսի հետ, օրինակ, մեկ ոչխար = 1 կացին։ Այս հավասարության մեջ ոչխարը և կացինը հասարակական տարբեր դեր են կատարում, ոչխարն իր արժեքն արտահայտում է կացնի մեջ, ուստի և գտնվում է արժեքի հարաբերական ձևում, իսկ կացինը ոչխարի արժեքի արտահայտությունն է, այն գտնվում է համարժեքային ձևում։ Վերլուծելով պարզ, եզակի կամ պատահական արժեձևի բովանդակությունը՝ Մարքսը բացահայտել է ապրանքատերերի հարաբերություններին ներհատուկ հակասությունները, որոնք արտահայտվում են համարժեքային ձևի երեք առանձնահատկություններով․ 1․ կացինը որպես սպառարժեք, շուկայում հանդիպադրվելով ոչխարին, դառնում է նրա արժեքի արտահայտման ձև, սպառարժեքը փոխարկվում է իր հակադրությանը՝ դառնում արժեքի երևան գալու ձև․ 2․ կացինը դարբնի կոնկրետ աշխատանքի արդյունքն է, որը, սակայն, շուկայում դառնում է աբստրակտ աշխատանքի դրսևորման ձև, կոնկրետ աշխատանքը փոխարկվում է իր հակադրությանը՝ դառնում աբստրակտ աշխատանքի երևան գալու ձև․ 3․ կացինը դարբնի մասնավոր աշխատանքի արդյունքն է, մինչդեռ նրա հասարակական բնույթը հանդես է գալիս միայն շուկայում, երբ այն փոխանակվում է ոչխարի հետ և բավարարում ոչխարի տիրոջ պահանջը, մասնավոր աշխատանքը փոխարկվում է իր հակադրությանը՝ դառնում հասարակական աշխատանքի երևան գալու ձև։ Համարժեքային ձևի այս առանձնահատկությունները սերտորեն կապված են միմյանց հետ և արտահայտում են ապրանքի մեջ առարկայացած հասարակական աշխատանքին ներհատուկ հակասությունները։ Արտադրողական ուժերի զարգացման ընթացքում խորանում է աշխատանքի հասարակական բաժանումը, ծավալվում են փոխանակային հարաբերությունները, որոնք անհրաժեշտաբար պահանջում են մի շարք համարժեքների առկայություն, և երևան է գալիս լրիվ կամ ծավալուն արժեձև, երբ հարաբերական արժեձևը հանդիպադրվում է մի քանի համարժեքների (կացին, աղ, մորթի և այլն)։ Բազմաթիվ համարժեքների առկայությունը ցույց է տալիս, որ համարժեքի դեր կարողեն կատարել բոլոր ապրանքները՝ անկախ դրանց սպառարժեքներից։ Դրանով իսկ համարժեքը հանդես է գալիս որպես աբստրակտ աշխատանքի մարմնացում, և արժեքիրպ՝ ոես ապրանքային արտադրության կարգավորիչի, դերը դառնում է ավելի քան ակնհայտ։ Սակայն բազմաթիվ համարժեքների առկայության պայմաններում խախտվում է ապրանքների արժեքի արտահայտության միասնականությունը, որը ապրանքային արտադրության և փոխանակային հարաբերությունների արագ զարգացման կարևոր պայմաններից մեկն է։ Ուստի և հանդես է գալիս ընդհանրական արժեձև, երբ համարժեքի ձևում հանդես է գալիս մեկ ապրանք։ Տարբեր ժողովուրդների համար և հասարակության զարգացման տարբեր աստիճաններում ընդհանրական արժեձևի դեր են կատարել զանազան ապրանքները՝ մորթին, անասունը, մետաղները և այլն։ Ապրանքային արտադրության զարգացման ավելի բարձրաստիճանում գրեթե բոլոր ժողովուրդների մոտ ընդհանրական համարժեքի դերում հանդես է գալիս ոսկին՝ շնորհիվ իր բնական և արժեքային հատկությունների (ազնիվ մետաղ է, մեծ արժեք, դյուրակիր), և առաջ է գալիս փողային արժեձև։ Մարքսը, ուսումնասիրելով արժեքների միջև գոյություն ունեցող ներքին տրամաբանական կապակցությունները, միաժամանակ ցույց տվեց, որ դրանցից յուրաքանչյուրը փոխանակային հարաբերությունների զարգացման մի ամբողջ դարաշրջանի արտահայտություն է, և այդ ուսումնասիրությամբ լուծեց փողի առեղծվածը, ցույց տվեց, թե ինչպես է ապրանքն աստիճանաբար փող դարձել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png