Արդա (Երուսաղեմի թագուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արդա (այլ կիրառումներ)
Արդա
Արդայի մուտքը մենաստան
Դրոշ
Դրոշ
Եդեսիայի կոմսուհի
1098 - 1100
Հաջորդող Մորֆիա Մալաթիացի
Դրոշ
Դրոշ
Երուսաղեմի թագուհի
1100 - 1105
Հաջորդող Մորֆիա Մալաթիացի
 
Մասնագիտություն՝ միապետ
Ծննդյան օր ոչ ուշ քան 1097
Վախճանի օր ոչ վաղ քան 1116
Հայր Թորոս (Սամոսատի իշխան)
Ամուսին Բալդուին I (Երուսաղեմի թագավոր)
Բալդուինի մուտքը Եդեսիա. պատկերված է, թե ինչպես են նրան դիմավորում հայ հոգևորականները

Արդա, Երուսաղեմի թագավոր Բալդուին I Բուլոնցու կինը։ Եղել է Երուսաղեմի առաջին թագուհին, քանի որ Բալդուինի եղբայր և նախորդ թագավոր Գոթֆրիդ Բուլոնցին ամուսնացած չէր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եդեսիայի կոմսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1098 թվականին Եդեսիայի գրավումից հետո Բալդուին Բուլոնցին, առաջին կնոջ մահից հետո իր համար կին է ընտրում Սամոսատի հայ իշխան Թորոսի դստերը։ Ժամանակակից պատմիչները չեն հայտնում այդ կնոջ անունը, սակայն հստակ հայտնում են նրա հոր անունը՝ Թաֆնուզ, Թաֆուս, Թաֆթոկ։ Միայն 18-րդ դարից սկսած պատմագրության մեջ հայտնվում է Արդա անունը։ Այսպիսով Արդան դառնում է Եդեսիայի առաջին կոմսուհին։

Երուսաղեմի թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1100 թ. մահանում է Երուսաղեմի առաջին թագավոր Գոթֆրիդ Բուլոնցին ու գահը անցնում է նրա կրտսեր եղբայր Բալդուինին։ Բալդուինը Արդայի հետ ուղևորվում է Երուսաղեմ։ Հասնելով Անտիոք, նա ապահովության համար կնոջը նավով ուղարկում է Յաֆֆա, իսկ ամուսինը ճանապարհը շարունակում է ցամաքով։ Բալդուինը թագադրվում է 1100 թ.-ի նոյեմբերին Սուրբ Ծննդյան տաճարում, սակայն Արդան դեռ շարունակում էր մնալ Յաֆֆայում։ Արդան պաշտոնապես դառնում է Երուսաղեմի առաջին թագուհին։ Մոտավորապես 1105 թվականին Բալդուինը որոշում է բաժանվել Արդայից և նրան ուղարկել Սուրբ Աննա մենաստան։ Պատմագիրները Բալդուինի այս արարքի մեջ տեսնում են քաղաքական դրդապատճառներ, քանի որ, երբ Բալդուինը դեռ հայերով բնակեցված Եդեսիայի կոմսն էր, նրա համար ձեռնտու էր հայուհի կին ունենալը, իսկ Երուսաղեմում դրա անհրաժեշտությունը չկար։ Շատ ժամանակ չանցած Արդայի խնդրանքով Բալդուինը նրան դուրս է բերում մենաստանից ու ուղարկում Կոստանդնուպոլիս, որտեղ ապրում էին նրա հարազատները։

1113 թվականին Բալդուինը երրորդ անգամ ամուսնանում է Ադելաիդա Սիցիլիացու՝ Ռոջեր I Սիցիլիացու այրու հետ։ Սակայն այս ամուսնությունը Կաթոլիկ եկեղեցու կողմից քննադատվում է, քանի որ Բալդուինը և Արդան փաստացի դեռ համարվում էին ամուսիններ։ 1117 թվականին Պապի հրամանով և բարոնների ճնշման տակ Երուսաղեմի պատրիարք Առնուլֆ I-ը հասնում է այն բանին, որ Բալդուինը հրաժարվում է Ադելաիդայի հետ ամուսնությունից, քանի որ ըստ ամուսնության ժամանակ կնքված պայմանագրի, եթե Բալդուինը և Ադելաիդան չունենային ժառանգ, ապա գահը անցնելու էր Սիցիլիայի կոմս Ռոջեր II-ին, իսկ Երուսաղեմի ֆրանկ բարոնները չէին ցանկանում անցնել սիցիլիացիների տիրապետության տակ, և հաշտվում է Արդայի հետ, որը փաստացի նրա կինն էր։ Սակայն Արդան չի վերադառնում Երուսաղեմ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդա (Երուսաղեմի թագուհի)» հոդվածին։