Ատլաս
Ատլաս (հին հունարեն՝ Άτλας) — տիտան, որն իր ուսերին պահում էր երկնակամարը. Հապետոսի և Կլիմենեի որդին, Պրոմեթևսի և Էպիմեթեսի եղբայրը, Պլեադաների, Հիադաների և Հեսպերուհիների հայրը։ Ըստ առասպելի, Ատլասը պարտավոր էր իր ուսերին պահել երկինքը՝ որպես պատիժ, աստվածների դեմ տիտանների պատերազմին մասնակցելու համար։ Հերակլեսի սխրանքներից մեկը կապված է Ատլասի մասին զրույցի հետ։ Ըստ հետագա մի առասպելի, Ատլասը եղել է Աֆրիկյան մի արքա, որը հրաժարվել է հյուրնկալելու Պերսևսին, որի համար էլ վերջինիս կողմից Մեդուսայի գլխի օգնությամբ, փոխարկվել է Ատլաս լեռան։ Ատլասի անունից ծագել է Ատլանտյան օվկիանոսի անվանումը։ Քարտեզների անդրանիկ ժողովածուների վրա Ատլասի պատկերումից ծագել է ատլաս անվանումը։ Ճարտարապետության մեջ ատլասներ կոչվում են տղամարդկանց այն արձանները, որոնք իրենց ուսերին պահում են ծածկը կամ սյունասրահը։ Ատլասի կերպարը հանդիպում է պոեզիայում։
[խմբագրել] Աղբյուրներ
- Դիցաբանական բառարան, «Լույս», Երևան, 1985, էջ 30–31։