Անեմուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անեմուռ, Անամուռ, բերդաքաղաք ծովային Կիլիկիայում, համանուն հրվանդանի ծայրին։

Ներկայիս Ադանայի վիլայեթի Անամուռ գյուղաքաղաքից (հիմնվել է 1870-ական թվականներին) 10 կմ հեռու, ծովային և ցամաքային տարանցիկ ճանապարհների հանգույցում։ Անեմուռը որպես նավահանգիստ հիմնել են Փյունիկացի ծովագնացները (մ.թ.ա. մոտ IV—III դարերում)։ Հռոմեական և բյուզանդական շրջանում եղել է կարևոր ռազմապաշտպանական հենակետ։ Կիլիկիայի Լևոն Բ թագավորի օրոք Անեմուռը պատկանել Է իշխան Հալկամին։ Իկոնիայի սելջուկյան սուլթան Ալահեդինը (1219—1236) բերդը խլում է հայերից, բայց Լևոն Գ 1284 թվականին վերագրավում Է։ Քաղաքային մասում պահպանվել են պարսպի մնացորդներ, ջրամբարներ, ընդարձակ, գերեզմանատունը, նկատվում են թատերական շինությունների հետքեր։ Դեռ կանգուն է Անեմուռի նեկրոպոլն իր տարբեր շինություններով, այդ թվում կամարակապ դամբարաններով։ Միջնաբերդը գտնվում է քաղաքի արևմտյան կողմում, քարաբլրի վրա։ Այն կառուցված է միջնադարյան ռազմա-ճարտարապետական արվեստի սկզբունքներով, վերանորոգել են խաչակիր ասպետները XII–XIII դարերում։ Միջնաբերդը շրջապատված է եղել պարիսպներով (տեղ-տեղ մինչև 6 մ հաստությամբ) և բուրգերով, որոնց մի մասը կանգուն Է առ այսօր։ Ունի բազմաթիվ գետնուղիներ, ջրախանդակ։ Մուտքերից մեկի վրա կա հունական արձանագրություն։ Գլխավոր մուտքի դիմաց, բերդից մոտ 20 մ հեռավորության վրա, պահպանվել են բաղնիքի մնացորդներ՝ խճանկար սալահատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 402