Միջին չափի ձուկ է։ Մարմինը երկարավուն է, իլիկանման, կողքերից թեթևակի սեղմված, երկարությունը 30-35 (երբեմն՝ մինչև 45) սմ է, զանգվածը՝ 1 կգ և ավելի։ Բերանը լուսնաձև է, գտնվում է դնչի ստորին մասում։ Ստորին շրթունքը պատված է եղջերաշերտով։ Վերին ծնոտի վրա և բերանի անկյուններում կան մեկական զույգ բեղիկներ։ Առաջին զույգը կարճ է, երկրորդը՝ համեմատաբար երկար։ Պոչային լողակը մկրատաձև է։ Մեջքը կողքերից սեղմված է մինչև մեջքային լողակի հիմքը։ Կողագծում թեփուկները 54-60 հատ են։ Մեջքային լողակում կա 12-13 ճառագայթ, հետնալողակում՝ 7-8։ Մեջքային լողակի վերջին չճյուղավորված ճառագայթը հաստացած է և կրում Է մանր, կեռ ատամիկներ, որոնց ծայրերն ուղղված են դեպի վեր։ Առաջին խռիկային աղեղի վրա կա 17-20 առէջ։ Ալանային ատամները եռաշարք են։ Մեջքը մուգ մոխրագույնից սև է։ Կողքերը մինչև կողագիծ կանաչամոխրագույն են՝ կապտաարծաթավուն նրբերանգով, կողագծից ցած՝ դեղնամոխրագույև՝ ոսկեգույն նրբերանգով։ Փորիկը արծաթասպիտակ է կամ դեղնավուն։ Պոչային և մեջքային լողակները մոխրագույն են կամ մոխրասև։ Կրծքային և փորային լողակներն ու հետնալողակը մոխրագույն են կամ նարնջամոխրագույն։ Որովայնախոռոչը պատված է սև թաղանթով։ Աչքի ծիածանաթաղանթը բաց ոսկեգույն է։
Արտադրական նշանակություն չունի։ Սիրողական ձկնորսության օբյեկտ է։ ՀՀ ջրակալներում թվաքանակը շատ աննշան է. պահպանության կարիք ունի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։