Ամերիկայի առաջին տպարանի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկայի առաջին տպարանի տուն
Տեսակշենք
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՏեղագրությունՄեխիկո
Հիմնադրվել է2008
Քարտեզ
Քարտեզ

Ամերիկայի առաջին տպարանի տուն (իսպ.՝ Casa de la Primera Imprenta de América), գտնվում է Մոնեդա և Լիսենսիադո Պրիմո Վերդադ փողոցների խաչմերուկում՝ Մեխիկոյի պատմական կենտրոնում։ Այստեղ է տեղադրվել առաջին տպագրական մեքենան կամ տպարանը Նոր աշխարհում[1]։ Տպագրիչ Խուան Պաբլոսը 1539 թվականից՝ առաջին գրքի լույս ընծայվելու մինչև իր մահը՝ 1560 թվականը, այս տպարանում տպել է առնվազն 35 գիրք[2]։

Ի սկզբանե տունը կառուցվել է Հերմոնիմո դե Ագիլարի նախաձեռնությամբ 1524 թվականին և գտնվում էր նախքան իսպանացիների Մեքսիկան նվաճելը ացտեկական Տեմպլո Մայորա սրբազան տարածք համարվող հողամասի եզրին[3]։

Պատիո

Իսպանիայի թագավոր Կառլոս V-ի և Մեխիկոյի արքեպիսկոպոսի՝ Խուան դե Սումարագի թույլատրությամբ 1539 թվականին Եվրոպայից Մեխիկո է բերվել առաջին տպագրական սարքը։ Տպարանը հիմնադրվել է ավելի ուշ Զանգակների տուն (իսպ.՝ Casa de las Campanas)[4] անունը ստացած տանը, սեվիլիացի հրատարակիչ Խուան Կրոմբերհերի և իտալացի տպագրիչ Խուան Պաբլոսի (որն այդ տպարանում աշխատել է տաս տարի՝ վաստակելով միայն ընթացիկ ծախսերի համար) համատեղ ջանքերով[5]։ Նրանք սկսել են եկեղեցու և փոխնախագահի հետ կապված փաստաթղթերի տպագրությունից[6]։ Նմանատիպ փաստաթղթերից էր «Քրիստոնեական վարդապետության համառոտ և հակիրճ շարադրանքը մեքսիկերենով» կոչվող կատեխիզիսը, որը գրել էր հենց արքեպիսկոպոսը[1]։

Տպարանի փակվելուց հետո տունը բազմիցս ձեռքից ձեռք է անցել և օգտագործվել է տարբեր նպատակներով[1]։ 17-րդ դարում այն պատկանում էր Սանտա Տորեսա դե լա Օրդեն դե լաս Կարմելաս Ռեֆորմադաս մենաստանին, ավելի ուշ՝ 18-րդ դարում, այն պատկանել է Տիրամայր Թագավորական ռազմական շքանշանին, որն օրհնում է գերությունից Մեխիկոյի բնակիչների փրկագնումը։ 1847 թվականին ամերիկյան զորքերը զբաղեցրել են տունը՝ ոչնչացնելով այնտեղ եղած արխիվները։ Տունն այդ ժամանակ պատկանում էր մի քանի քաղաքական դեմքերի, այդ թվում մեկին, ով օգտագործել է այն կահույք պահելու համար։ 20-րդ դարում այն օգտագործվել է որպես գրասենյակ, այստեղ է գտնվել նաև տպագրական ծառայություն մատուցող «Imprenta y Papelería Militar „Marte“» ընկերությունը։ Տունը ձեռքից ձեռք է փոխանցվել մինչև 1989 թվականը, երբ Մայրաքաղաքի ինքնավար համալսարանը ձեռք է բերել այն՝ նպատակ ունենալով վերականգնելու[3]։

Մայրաքաղաքի ինքնավար համալսարանը աշխատել է Պատմական կենտրոնի վերականգնման նախագծի հետ[1]՝ համագործակցելով Մարդաբանության ազգային ինստիտուտի հետ։ Առաջին հարկի մակերևույթի մոտ 82 սմ խորությունում հայտնաբերվել է ացտեկների ժամանակաշրջանի քարե օձի գլուխ։ Հնարավոր է՝ 16-րդ և 17-րդ դարերում այդ գլուխը տեսանելի է եղել շենքի բնակիչներին[3]։

Այժմ տունը ծառայում է որպես Մայրաքաղաքի ինքնավար համալսարանին կից շարունակական կրթության կենտրոն։ Այստեղ կան տարբեր ցուցադրական դահլիճներ, գրախանութ, կոնֆերանսների և ուսումնական պարապմունքների տարածքներ[1]։ 2008 թվականին տանը բացվել է գրքի թանգարան, որտեղ ցուցադրված են Մեքսիկայի որոշ հին գրքեր[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Galindo, Carmen; Magdelena Galindo Mexico City Historic Center. — Mexico City: Ediciones Nueva Guia, 2002. — С. 66. — ISBN 968-5437-29-7
  2. Yanet Aguilar Sosa, "El Tec digitaliza sus joyas bibliográficas, " El Universal Արխիվացված 2013-12-03 Wayback Machine, 24 сентября 2011.
  3. 3,0 3,1 3,2 «Casa de a la Primera Imprenta de America» (իսպաներեն). 2002-05. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. «Reservas.net Tourist Guide Mexico City». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. Tarrago, Rafael E. (ноябрь–декабрь 1996). «The presses roll in colonial times». Americas. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. Hunt, Allyn (2008 թ․ հունիսի 7). «Mexico's Free Press: A long, bloody struggle against centuries of censorship». Guadalajara Reporter. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. González de Artaza, Laura (2008 թ․ հունվարի 17). «Abre el museo del libro de México donde estuvo la primera imprenta de América». Terra. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկայի առաջին տպարանի տուն» հոդվածին։