Ազգային պատգամավորական կենտրոնական ժողով 1906

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազգային պատգամավորական կենտրոնական ժողով, ժողովը որոշումներ կայացրեց անվճար ուսուցման, դպրոցը եկեղեցուց անջատելու և այլ հարցերի մասին, որոնք, սակայն մնացին թղթի վրա

Գումարվել է օգոստոսի 17-30-ը Էջմիածնում։ Հեղափոխական իրադրության մեջ և հայ ժողովրդի բուռն բողոքի ճնշման տակ 1905 թվականի օգոստոսի 1-ին Նիկոլայ 2-րդը հարկադրված թույլատրեց վերաբացել 1897 թվականին փակված հայկական եկեղեցական-ծխական դպրոցները և եկեղեցուն վերադարձնել 1903 թվականին բռնագրավված գույքը։ Դպրոցների կանոնադրության նախագիծը քննելու համար Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսը կարգադրեց 1906 թվականի մայիսին հրավիրել ներկայացուցչական ժողով և ընտրություններ նշանակեց։ Դաշնակցությունն օգտագործեց ընտրությունները՝ ժողովում իր գերակշռությունն ապահովելու համար։ Ալեքսանդրապոլի, Թիֆլիսի, Երևանի, Իգդիրի և մի շարք այլ վայրերի ուսուցչական ժողովները կաթողիկոսին բողոքեցին դաշնակցականների կողմից ընտրական սկզբունքների խախտումների դեմ և հրաժարվեցին ուղարկել իրենց պատգամավորներին։ Նշանակված նոր ընտրությունները, որոնց մասնակցում էին նաև կանայք, տեղի ունեցան քաղաքական սուր պայքարի մթնոլորտում։ Բոլշևիկները (Ս. Շահումյան, Ս. Սպանդարյան և ուրիշներ) քննադատում էին դաշնակցությանը՝ ժողովրդական զանգվածների ուշադրությունը հեղափոխական պայքարից շեղելու համար։

Օգոստոսի 17-ին Ս. Զավարյանի նախագահությամբ բացվեց Ազգային պատգամավորական կենտրոնական ժողով, որի 57 պատգամավորներից 44-ը դաշնակցականներ էին։ Նրանք ձգտում էին ժողովին տալ սահմանադիր համագումարի բնույթ, իշխանություններից կորզել արևելահայությանը հուզող հարցերը տնօրինելու մենաշնորհ, իրենց կամքը պարտադրել քաղաքական մյուս հոսանքների ներկայացուցիչներին, որոնք, չհանդուրժելով այդ, հեռացան ժողովից։ Ազգային պատգամավորական կենտրոնական ժողովը որոշումներ կայացրեց անվճար ուսուցման, դպրոցը եկեղեցուց անջատելու և Ազգային ժողովի տնօրինությանը հանձնելու, եկեղեցական հողերը որպես ազգային սեփականություն համայնացնելու և այլ հարցերի մասին։ Ժողովից դժգոհ ցարական իշխանություներն օգոստոսի 30-ին պատգամավորներին պարտադրեցին 24 ժամում հեռանալ Էջմիածնից։ Ազգային պատգամավորական կենտրոնական ժողովի որոշումները մնացին թղթի վրա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրադյան Դ. Ա., Հայաստանը ռուսական առաջին ռևոլյուցիայի տարիներին (1905-1907), Ե. 1964, էջ 180-192; Շահումյան Ս., Երկ., հ. 1, Ե., 1955, էջ 249-252, 261-264; Սպանդարյան Ս., Երկ., հ. 1, Ե., 1959, էջ 98-99, 109-110

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 108