Վերլուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերլուծություն՝ անալիզ, ճանաչողության հնար՝ օբյեկտի տարրերի (մասերի, կողմերի, հատկությունների, հարաբերությունների, ինչպես նաև տեսակների) մտովի առանձնացումը։ Հակադիր է համադրությանը, որի (և մյուս հնարների) հետ օրգանապես կապված է ճանաչողության պրոցեսում։ Բուն գիտական մտածողության մեջ Վերլուծության օբյեկտի մտովի տարրաբաժանումն է՝ տարրերի հարաբերության որոշմամբ, տարբեր առումներով դրանց գնահատմամբ հանդերձ, որով Վերլուծությունը դառնում է ճանաչողության արդյունավետ հնար։ Վերլուծությանը հաջորդում է օբյեկտի, որպես ամբողջության, նախնական ըմբռնմանը և նշանակում է ճանաչողության հետագա խորացում, որակապես նոր աստիճան օբյեկտի էության բացահայտման մեջ։ Վերլուծության է ենթարկվում ինչպես եզակի օբյեկտը (ասենք՝ Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմը), այնպես էլ ընդհանուրը (ասենք՝ պոեմը որպես գրական ժանր)։ Գործնականում, մանավանդ ուսուցողական նկատառումով, առավել հաճախ ընդհանուրի վերլուծություն տրվում է եզակի, որպես օրինակի, նմուշի վերլուծության միջոցով։ Վերլուծական կարողությունը ձևավորվում է հասարակական-աշխատանքային գործունեության, աշխարհի պրակտիկ յուրացման ընթացքում, առարկաների փաստական, ֆիզիկական մասնաբաժանման հիման վրա՝ չհանգելով հանդերձ վերջինիս։ Ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այլ բնագավառներում գիտափորձի ժամանակ օբյեկտի փաստական մասնաբաժանումը (օրինակ, քիմիական տարրալուծումը), փոփոխումը ուղեկցվում են վերլուծությամբ։ Վերլուծության ժամանակ միտքն ընթանում է ամբողջից դեպի մասը, առարկայից դեպի հատկությունն ու հարաբերությունը, ընդհանուրից դեպի մասնավորը [ըստ բաժանման (հասկացությունների)]։ Մաթեմատիկայում վերլուծություն ըմբռնվում է նաև մի հատուկ իմաստով, որ սովորաբար արտահայտվում է «անալիզ» տերմինով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 409