Ֆրանսիան և Ղարաբաղյան ազատագրական պատերազմը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրանսիան ԵԱՀԿ շրջանակներում իր կարևոր տեղն է զբաղեցնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ որպես Մինսկի խմբի և Մինսկի համաժողովի համանախագահ երկիր։ Ֆրանսիան դեռևս 1992-ի հուլիսի 8-ին մասնակցել է 7 պետությունների ղեկավարների գագաթնաժողովի կողմից Ղարաբաղյան հակամարտության շուրջ համատեղ հայտարարություն կազմելու գործում, որում մտահոգություն էր հայտնվում լարվածության սրման կապակցությամբ, և կողմերին կոչ էր արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու վիճելի հարցերը լուծել բանակցությունների սեղանի շուրջ՝ Հռոմում և Մինսկում։ 1993-ի սեպտեմբերի 22–28-ին Փարիզում վերամշակվել է դեռևս ամռանը նախապատրաստված, այսպես կոչված, խաղաղ կարգավորման ՙանհապաղ միջոցառումների ժամանակացույցը՚։ Այդ փաստաթղթով, առանց ԼՂ կարգավիճակին անդրադառնալու, կարգավորում էր զբաղեցրած տարածքներից ԼՂՀ զորամիավորումների դուրսբերման, խաղաղապահ ուժերի տեղակայման և մարդասիրական միջոցառումներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Սակայն Հ. Ալիևը Ադրբեջանի նախագահ ընտրվելուց (3.10. 1993) և իր դիրքերն ամրապնդելուց հետո մերժել է ՙՓարիզի ժամանակացույցը՚։ Ֆրանսիան, որպես ՄԱԿԱնվտանգության խորհրդի (ԱԽ) մշտական անդամ, գործուն մասնակցություն է ունեցել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱԽ 1993-ին ընդունած չորս բանաձևերի մշակմանը։ Ֆրանսիայի դերակատարությունը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեծապես ակտիվացել է Մինսկի խմբի համանախագահողների ինստիտուտի հիմնադրումից հետո, որի կազմում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ 1996-ից ընդգրկված է նաև Ֆրանսիան։ Ֆրանսիական միջնորդության ամենախոշոր ձեռքբերումը 2001-ի հունվար և փետրվար ամիսներին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ժ. Շիրակի նախաձեռնությամբ կազմակերպված ՀՀ և ԱՀ նախագահների երկու հանդիպումներն էին, որոնց ընթացքում ձևավորվել են փարիզյան սկզբունքները, և որի շարունակությունն է եղել նույն տարվա ապրիլին ԱՄՆ-ի Քի Վեստ քաղաքում կայացած հանդիպումն ու դրա արդյունքում ստեղծված քիվեստյան փաստաթուղթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո  (էջ էջ 705