Ֆոնդային բորսայի վթար 1929 թվական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆոնդային բորսայի վթարy 1929 թվականին ԱՄՆ բաժնետոմսերի գների զանգվածային անկումն է, որը սկսվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ի սև հինգշաբթիին և աղետալի չափեր է ստացել հաջորդող սև ուրբաթին՝ հոկտեմբերի 25-ին, սև երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին և սև երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 29-ին։ Ֆոնդային շուկայի այս վթարը, որը նաև հայտնի է որպես Ուոլ Սթրիթի վթար, Մեծ դեպրեսիայի սկիզբն էր։

Ուոլ Սթրիթի ֆոնդային բորսայի շենքի դիմաց կուտակումներ

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վթարին նախորդել էր սպեկուլյատիվ բումը 1920-ականների կեսերին, որի ընթացքում մեծ թվով սովորական ամերիկացիներ բաժնետոմսեր էին գնում՝ հիմնվելով ոչ այնքան ընկերությունների տնտեսական գործունեության վրա, որքան բաժնետոմսերի գների աճի վրա։ Աճող պահանջարկը ուռճացրեց գները, ինչը գրավեց ավելի ու ավելի շատ բնակիչների, ովքեր ցանկանում էին հարստանալ բաժնետոմսերի սպեկուլյացիայով։ Սա հանգեցրեց տնտեսական փուչիկի ձևավորմանը։ Միաժամանակ, շատ ամերիկացիներ ապառիկ գնեցին բաժնետոմսեր՝ բանկերից պարտք վերցնելով անհրաժեշտ միջոցները նախկինում գնված արժեթղթերի ապահովության դիմաց։

Փլուզում[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականի սեպտեմբերի 3-ից սկսած, Dow Jones Industrial Average-ը, հասնելով 381,17 կետի գագաթնակետին, սկսեց ընկնել։ 1929 թվականի հոկտեմբերի 24-ի հինգշաբթի օրը, ինդեքսը սեպտեմբերի համեմատ արդեն կորցրել էր մոտ 20% և գտնվում էր 305,85-ի սահմաններում։ Դեռևս բորսայի բացումից առաջ խուճապ էր տիրում, քանի որ արդեն նախորդ օրը ցուցանիշը նվազել էր 4,6%-ով։ Բացման հետ խուճապը սաստկացավ։ Փորձելով ազատվել իրենց բաժնետոմսերից՝ նախքան դրանք ամբողջությամբ արժեզրկվելը, ներդրողները այդ օրը վաճառեցին 12,9 միլիոն արժեթղթեր[1]։ Վաճառքի ծավալն այնքան մեծ է եղել, որ Dow Jones ինդեքսը մեկ օրում ընկել է 11%-ով։ Հետագա օրերին վաճառվեցին մոտ 30 միլիոն ավելի բաժնետոմսեր, իսկ գները փլուզվեցին՝ փչացնելով ավելի քիչ ճկուններին։ Ընդհանուր առմամբ, ֆոնդային շուկայի խուճապի շաբաթվա ընթացքում շուկան անկում ապրեց 40%-ով և կորցրեց մոտ 30 միլիարդ դոլար կապիտալիզացիա՝ ավելին, քան ԱՄՆ կառավարությունը ծախսել էր առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։

Բանկերը, որոնք նախկինում ֆինանսավորել էին բաժնետոմսերի գնումը համանման բաժնետոմսերի ապահովման դիմաց, չկարողացան մարել իրենց պարտքերը և հայտարարեցին սնանկ։ Մինչ մարդիկ ֆոնդային բորսայում կորցնում էին իրենց գումարները, բիզնեսները կորցնում էին բանկային վարկային գծերը և փակվում, ինչի հետևանքով գործազրկությունը աճում էր։

Հետեւանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականի ֆոնդային բորսայի վթարը կործանարար ազդեցություն ունեցավ տնտեսության վրա և, թերևս, Մեծ դեպրեսիայի ամենակարևոր պատճառն էր։

ԱՄՆ ֆոնդային շուկայի համար ֆոնդային շուկայի անկման հետևանքներից մեկը 1934 թվականին կարգավորող մարմնի՝ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի ստեղծումն էր, որը մշակեց կանոններ և կանոնակարգեր, որոնք նախատեսված էին ֆոնդային շուկայի նման վթարները կանխելու համար․ ներառյալ՝ արգելվում էր բաժնետոմսեր գնել առանց գործարքի համար բավարար միջոցների,ներդրվել է ֆոնդային բորսաների և բրոքերների պարտադիր գրանցում,ձևակերպվել են վստահված անձի կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման կանոններ։ Հանձնաժողովը բաց շուկայում բաժնետոմսեր առաջարկող ընկերություններից պահանջել է բացահայտել իրենց մասին էական տեղեկություններ[2]։ 1929թ.-ի վթարը լավ դաս էր ֆինանսական աշխարհի համար, և այդ ժամանակից ի վեր շատ ֆոնդային բորսաներ կիրառում էին առևտրի դադարեցում գնանշումների չափազանց արագ անկման դեպքում։ Այս պրակտիկայի շնորհիվ 1987-ի ֆոնդային բորսայի վթարի հետևանքները շատ ավելի թեթև էին, քան 1929-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Investopedia Staff. «Black Thursday». Investopedia. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. Тернер, Тони, 2013, էջ 25

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]