Քրոմատիզմ, քրոմատիկա (հուն․ χρώματιός – երանգավորում, χρώμα– գույն), դիատոնիկ հնչյունաշարի աստիճանների «երանգավորումը» քրոմատիկ կիսատոնով բարձրացնելու կամ իջեցնելու միջոցով։ Հին հունական երաժշտության տեսության մեջ քրոմատիկ է կոչվել տետրախորդի երեք հիմնական սեռերից մեկը (այդպիսի տետրախորդը իր 11/2,1/2, 1/2 տոն կառուցվածքով ընկալվել է որպես «երանգավոր»)։ Դասական կոմպոզիտորական երաժշտության առումով քրոմատիզմը դիատոնիկ տարրերի (լադային աստիճանների, ինտերվալային ու ակորդային տոների) կիսատոնային փոփոխումն է՝ և՛ երանգավորող, և՛ նոր ձգտողականություններ գոյացնող ֆունկցիայով։ Տարբերում են մեղեդային (նաև տարածության վրա երևան եկող) և ներդաշնակային քրոմատիզմներ։ Ներդաշնակության մեջ քրոմատիզմը երաժշտության տոնայնաան զարգացման կարևորագույն միջոց է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 498)։