Տիգրան Պասկևիչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Պասկևիչյան
Ծնվել էփետրվարի 21, 1965(1965-02-21) (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունհասարակական գործիչ, գրող, լրագրող և սցենարիստ

Տիգրան Պասկևիչյան (փետրվարի 21, 1965(1965-02-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, լրագրող, հասարակական գործիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թվականի փետրվարի 21-ին, Երևանում։ Սովորել է Երևանի N 172 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցում և N 18 տեխնիկական ուսումնարանում, որտեղ ստացել բարձրվոլտային հոսքագծերի էլեկտրիկ-փականագործի որակավորում։

1983 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժին։

1984 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ։ Ծառայությունն ավարտելուց հետո 1986 թվականին փոխադրվել է համալսարանի նույն ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժին և աշխատանքի անցել Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատի «Կերպասագործ» բազմատպաքանակ թերթում՝ որպես գրական աշխատող։

1987 թվականին եղել է «Ավանգարդ» երիտասարդական թերթի արտահաստիքային թղթակից։ 1987 թվականի հոկտեմբերին բնապահպանական շարժմանը հարելու և զանգվածային ցույցերի մասնակցելու համար հեռացվել է աշխատանքից։

1987 թվականին աշխատանքի է անցել «Գարուն» գրական-երիտասարդական ամսագրի հրապարակախոսության բաժնում՝ նախ որպես գրական աշխատող, ապա՝ երիտասարդության հարցերի ենթաբաժնի պատասխանատու խմբագիր։ 1989-90 թվականներին եղել է հրապարակախոսության բաժնի վարիչ։

1988-91 թվականներին ակտիվ մասակցություն է ունեցել Հայաստանի քաղաքական, հասարակական շարժումներին։ Ընկերների հետ հիմնադրել է «Գոյապայքար» բնապահպան կազմակերպությունը, Մեսրոպ Սահակյան ծածկանունով խմբագրել կազմակերպության «Մաշտոց» ինքնահրատ [самиздат] պարբերականը։ 1990 թվականից աշխատել է Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) վարչության լրատվական կենտրոնում, եղել «…և այլն» ինքնահրատ [самиздат] պարբերականի խմբագրակազմի անդամ։ 1990 թվականի նոյեմբերին ՀՀՇ երկրորդ համագումարում ընտրվել է վարչության անդամ։ 1991-ի մայիսից դադարեցրել է մասնակցությունը վարչության աշխատանքներին։

1990 թվականի նոյեմբերին նշանակվել է Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի նախագահի տեղակալ։ 1992 թվականի մարտին՝ համաձայն իր դիմումի, ազատվել է պաշտոնից։ 1992-93 թվականներին խմբագրել է «Ար» հասարակական-քաղաքական շաբաթաթերթը։

1993 թվականի սեպտեմբերից աշխատանքի է անցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունում՝ որպես հանրային կապերի բաժնի վարիչ։ Եղել է Հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնների գլխավոր պրոդյուսերը։ 2003 թվականին ազատվել է հանրային կապերի բաժնի վարիչի պաշտոնից, բայց մինչև 2017 թվականը չի դադարեցրել համագործակցությունը՝ մասնակցելով հեռուստամարաթոնների տեսանյութերի, քարոզչական հոլովակների և ֆիլմերի պատրաստմանը։

2002 թվականին դարձել է «Շողակաթ» հեռուստաընկերության ստեղծագործական խորհրդի անդամ։ 2004 թվականից հինգ տարի զբաղեցրել է «Շողակաթի» հեռուստաֆիլմերի և հաղորդումների արտադրության տնօրենի պաշտոնը։

2004 թվականից պարբերաբար սյունակներ և հրապարակախոսական հոդվածներ է հրապարակել «168 ժամ», «Հետք», «Հայկական ժամանակ» տպագիր և առցանց պարբերականներում, բլոգ է վարել «Tert.am» լրատվական կայքում։

2000 թվականից՝ որպես սցենարիստ, աշխատակցել է վավերագրական ֆիլմեր արտադրող «Վերսուս» ստուդիային։ 2010 թվականին ընկերների հետ հիմնել է «Ֆակտում» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է պատմության անհայտ դրվագների ուսումնասիրությամբ։

2020 թվականից «Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիրն է։

Մրցանակներ և պարգևներա2000 «Շողակաթի» մրցանակ լավագույն սցենարի և լավագույն տեսահոլովակի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 Երևանի Վալերի Այդինյանի անվան ակումբի մրցանակ՝ «168» ժամ թերթում տպագրված հրապարակախոսական հոդվածների համար
  • 2007 «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակ՝ «168 ժամ» թերթում տպագրված «Չընտրություն» հոդվածաշարի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Քաղաքական վերնախավն ամեն ինչ արեց, որ անկախությունը չարժևորվի. Տիգրան Պասկևիչյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]