Տեմբր (ֆր.՝ timbre), հնչերանգ, հնչյունի որակային հատկանիշ, երաժշտական հնչյունի այն հատկությունը, որով զանազանվում են տարբեր աղբյուրներից ստացվող հնչյունները, եթե անգամ դրանք ունեն միևնույն բարձրությունն ու ուժգնությունը։ Ձայնագիտական առումով տեմբրը պայմանավորված է ձայնի սպեկտրի կազմության մեջ ընդգրկված օբերտոնների (տես նաև Բնական հնչյունաշար) քանակով, կազմով, համեմատական ինտենսիվությամբ, որոնք, իրենց հերթին, կախված են հնչյուն առաջ բերող մարմնի (նվագարանի տատանողական համակարգի կամ մարդու, կենդանու ձայնական ապարատի) ձայնական-ձայնաբանական հնարավորություններից՝ նյութի որակից (օրինակ, տատանման կարողությունից), նվագարանի ձևից ու կառուցվածքից (օրինակ, ձայնի անդրադարձման կարողությունից), ֆորմանտների առկայությունից (տվյալ նվագարանին հատուկ ենթահնչյուններ առաջացնելու կարողությունից) ևն։ Որևէ նվագարանի տեմբրը կարող է փոփոխվել՝ կախված հնչման բացարձակ ուժգնությունից, ռեգիստրից (հնչամասից), ձայնարտադրության եղանակից, զարկումների երևույթից, հնչման միջավայրից։ Ընդունված է նվագարանների և երգչական ձայնի տեմբրը (տես Ձայն երաժշտական) բնութագրել զգայարանային զանազան տպավորությունների հետ համեմատելով (օրինակ, փայլուն կամ խավար, արծաթահնչուն, ապակյա կամ թավշյա, ջերմ կամ պաղ, հյութեղ)։ Տեմբրը երաժշտության արտահայտչականության կարևորագույն միջոցներից է, որ մասնակցում է երաժշտական մտքի զարգացման մասնավոր շատ ոլորտներում և երաժշտության գեղագիտական էության կազմավորման մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 648)։