Jump to content

Վաչե և Թամար Մանուկյան մատենադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հավաքածուներ
Հավաքածուի չափանիշը520 միավոր հնատիպ գիրք, շուրջ 67 000 միավոր գրականություն
Այլ տվյալներ
ՏնօրենՏեր Արարատ քահանա Պողոսյան
Կայքetchmiadzinlibrary.am

Հասցե` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հեռ. (+374) 10 517 253, (+374) 10 517 192

Էլ. փոստ` matenadaran.etchmiadzin@gmail.com, matenadaran@etchmiadzin.am

«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան, մատենադարան Հայաստանի Վաղարշապատ քաղաքում։

Մատենադարանի նոր շենքի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2012 թվականի hոկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու Ս. Էջմիածնի մատենադարանի բարերարներ լոնդոնաբնակ տեր և տիկին Վաչե և Թամար Մանուկյանների[1], որոնց անունով էլ կոչվում է նորակառույց հաստատությունը՝ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարան։

Մատենադարանի շենքը երկհարկ քարակերտ կառույց է՝ նկուղային հարկով։ Յուրաքանչյուր հարկի մակերեսը 1500 քմ է, նկուղինը՝ 1000 քմ։ Նկուղային հարկում տեղավորված են գրապահոցները և օժանդակ սենյակները, առաջին հարկում՝ նախասարահը, վարչական մասը, ընթերցասրահը, հանդիասրահը և ցուցասրահները։ Երկրորդ հարկում գիտական աշխատասենյակներն են, հնատիպ գրքերի ընթերցասրահը, յուրօրինակ հանդիսասրահը՝ նախատեսված միջազգային գիտաժողովների համար, խորհրդակցությունների սենյակը և ցուցասրահը։

Մատենադարանի շենքը կառուցվել է ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծով. Հեղինակը համակցել է ժամանակակից և հայկական ավանդական ճարտարապետական ոճերը։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենադարանի բազմահարուստ ֆոնդի հիմքը դեռևս Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսի գահակալության շրջանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմավորված գրադարանն է, Գարեգին Ա երանաշնորհ հայրապետի անձնական գրադարանային ֆոնդը, Հայաստանի աստվածաշնչային ընկերության կողմից նվիրաբերված օտարալեզու բացառիկ կրոնագիտական գրականությունը։ Նորաբաց մատենադարանում մեկտեղվել են Մայր Աթոռի տարբեր գրադարանների (Գևորգյան հոգևոր ճեմարան և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց)` մինչև 1930 թվականը հրատարակված բոլոր գրքերը։ Մատենադարանում պահվում է հայագիտական և աստվածաբանական շուրջ 80․000 միավոր գրականություն (2003 թվականին մոտավորապես 5.000 էր)։ Այստեղ նաև հավաքված են Աստվածաշնչի գրեթե բոլոր հնարավոր հրատարակությունները։

Մատենադարանում են գտնվում նաև հայ մշակույթի մի շարք երախտավորների անձնական հավաքածուները։ 

«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանն ունի 534 միավոր հնատիպ գիրք։ Մատենադարանի գլխավոր նպատակներից է հավաքել այս գրքերը, հասանելի դարձնել աստվածաբանությամբ, հայագիտությամբ, Հայաստանի և տարածաշրջանի պատմությամբ հետաքրքրվող ընթերցողներին։ Նման գրքերը պահվում են շենքի երկրորդ հարկում հատուկ հնատիպ գրքերի համար նախատեսված սրահում` ապահով և հարմար օդաջերմալուսային պայմաններում։ Հետազոտողներն այս ֆոնդից կարող են օգտվել նախնական թույլտվություն ստանալով Մատենադարանի տնօրինությունից։

Հնատիպ գրքերի և մատյանների հավաքածուն հանրությանը հասանելի դարձնելու համար, Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցությամբ, մշակվում է այն թվայնացնելու ծրագիր։ Գրադարանը հարուստ է նաև Մերձավոր Արևելքի հին ու միջնադարյան գրականությամբ։ Մատերանդարանի ֆոնդերի համալրումն իրականացվում է շնորհիվ այն նվիրատվությունների, որոնք կատարվում են աշխարհի տարբեր վայրերից։ Բացի նվիրատվություններից Մատենադարանն ունի առանձին գումարային ֆոնդ, որը ծառայում է անհրաժեշտ գրականություն ձեռքբերելու համար։

Մատենադարանն այսօր ունի ավելի քան 600 գրանցված ընթերցող։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվել է «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 28-ին.