Jump to content

Սուրբ Երրորդություն եկեղեցի (Կուլիկամ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի (այլ կիրառումներ)

Կուլիկամի Սուրբ Երրորդություն եկեղեցի, հայկական եկեղեցի` Ջավախքում, Ախալքալաքի Կուլիկամ գյուղում։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1841 թվականին «Սուրբ Կարապետ» անունով հիշատակվող եկեղեցին, հետագա բոլոր տարիներին հայտնի է «Սուրբ Երրորդություն» անունով։ 1860-ական թվականներին, Կուլիկամ գյուղի վերաբնիկները ձեռնամուխ են եղել հին եկեղեցու տեղում նոր շենք կառուցելու գործին, սակայն աշխատանքները ընդհատվել են նյութական սղության պատճառով. «...ունի մի հին քանդված եկեղեցի, որ գիւղացիների բաղդաւոր ժամանակը նորոգվեցավ մինչև կէսը, բայց երբ բազմացան նրանց գլխին կալուածատէրերի ճնշումները, նրանք այլևս ոյժ չունեցան շարունակել իրանց տաճարի վերանորոգութեան գործը...»։ 1878 թվականի մի վավերագրում նշված է, թե Կուլիկամը զուրկ էր եկեղեցուց (նկատի է առնված ծխական եկեղեցի չլինելը)։ Այնուամենայնիվ, կուլիկամցիները կարողանում են ամբողջացնել շինարարությունը և օրինակ, 1884 թվականին այն արդեն գործել է։

Սուրբ Երրորդություն եկեղեցին ցայժմ կանգուն է։ Արևմտյան ճակտոնի գագաթին կառուցված է վեց միակտոր սյուների վրա բարձրացող զանգակատունը։ Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատից։ Եկեղեցու արևելյան ճակատին ագուցվել է գյուղի հայոց գերեզմանոցից տեղափոխված արձանագիր մի խաչքար. «ՅԻՇԱՏԱԿ Է ԽԱՉՍ | (ՀԱ)ՅՐՆ ՄՈՒՐԱԴԲ...ԾՆՈՂԻՆ...»։ Գյուղի եկեղեցու այժմյան մուտքի պատին գրված է. «ԿՈՒԼԻԿԱՄԻ ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ ԿԱՌ...1865 թ. ՎԵՐԱԿԱՌ...2000 թ.»։