Սոցիալիստական դեմոկրատիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սոցիալիստական դեմոկրատիա, ժողովրդավարության ձև, որը ներառում է այնպիսի գաղափարախոսություններ, ինչպիսիք են բանվորական սովետների կոմունիզմը, դեմոկրատական սոցիալիզմը և սոցիալ-ժողովրդավարությունը, ինչպես նաև մարքսիստական ժողովրդավարությունը, ինչպիսին պրոլետարիատի դիկտատուրան է։ Կիրառվել է խորհրդային և այլ միակուսակցական մարքսիստ-լենինիստական համակարգերում (1917–1991)։

Սկզբունքները մշակել են Կարլ Մարքսն ու Ֆրիդրիխ Էնգելսը, որպես պետության մասին ուսմունքի բաղկացուցիչ մաս։ Վլադիմիր Լենինը լրացուցիչ զարգացրել է ուսմունքը։ Զարգացումն արտահայտվել է ԽՄԿԿ ծրագրում, մարմնավորվել սովետական սահմանադրություններում։ Լենինի պնդմամբ, սոցիալիստական դեմոկրատիան մշտապես զարգացող և կատարելագործվող երևույթ էր։ Ժողովրդական ներկայացուցչության սկզբունքը ԽՍՀՄ-ում պետք է կենսագործվեր ժողովրդական դեպուտատների խորհուրդների միջոցով։ Անմիջական դեմոկրատիայի մեթոդներն էին՝ բարձր կարևորության օրենքների նախագծերի համաժողովրդական քննարկումը, կուսակցական, արհմիութենական, կոմերիտական և հասարակական այլ կազմակերպությունների գործունեությունը, ժողովրդական վերահսկողության համակարգը և այլն, որոնց միջոցով խորհրդային քաղաքացիները ենթադրաբար պետք է մասնակցեին քաղաքական, արտադրական, կենցաղային և այլ հարցերի լուծմանը։ Ըստ ուսմունքի, կոմունիստական կուսակցությունը, որը մինչև 20-րդ դարի 80-ական թվականների ավարտը խորհրդային համակարգում մենաշնորհ դիրք ուներ, պետք է ենթադրաբար հանդես գար որպես «ամբողջ ժողովրդի շահերի արտահայտիչ», միաժամանակ հաշվի առներ բնակչության տարբեր խմբերի առանձնահատուկ շահերը, ապահովեր դրանց բավարարումը միասնական քաղաքականությամբ։

Սոցիալիստական դեմոկրատիաի կարևորագույն սկզբունքներից էր իրավահավասարությունը։ Սոցիալիստական հասարակության քաղաքացիների քաղաքական իրավահավասարությունն արտահայտվում էր այն բանում, որ բոլոր քաղաքացիները կարող են մասնակցել պետության գործերի կառավարմանը, անկախ ռասայական և ազգային պատկանելությունից, սեռից, կրոնից, դավանանքից, կրթությունից և այլ գործոններից։ Սոցիալիստական դեմոկրատիայի ձևերը բազմազան են։ Մարքսիս-լենինյանները մերժում էին ձախ ռևիզիոնիստական գաղափարախոսների «մաքուր», «անդասակարգ» դեմոկրատիայի գոյությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 35