Jump to content

Սովորական ճայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական ճայ
Սովորական ճայի ձու

Սովորական ճայ (լատին․՝ Corvus monedula), ագռավների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 33-34 սմ է, թևերի բացվածքը՝ 67-74 սմ։ Կտուցը կարճ է, պոչը՝ թեթևակի կլորավուն։ Հասունի աչքը սպիտակավուն է, գլխի հետին մասը և ծոծրակը՝ բաց մոխրագույն, ծոծրակի հիմքում կա սպիտակավուն նեղ շերտ։ Երիտասարդի աչքը մուգ գույնի է, գլուխը՝ սևավուն։ Երամային է։ Կերակրվում և հաճախ բնադրում են մեծ խմբերով։ Երամներն աղմկոտ են, հաճախ՝ այլ ագռավանմանների հետ խառնված։ Լայնորեն տարածված է տափաստաններում ու հովիտներում։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով, սերմերով, սննդի մնացորդներով։

Հարսանեկան զույգերը մշտական են։ Փետրվարի 3-րդ տասնօրյակից գաղութի կազմում նկատվում է բնադրազույգերի կայունացում, որը շարունակվում է ողջ բազմացման ընթացքում։ Բույնը գավաթաձև է, ծավալուն՝ ճյուղերից, ցամքարը՝ խոտաբույսերից, բրդից, փետուրներից և թափոններից։ Բնադրում է ավազային կամ կավային զառիթափերի փորվածքներում, շենքերի տանիքներին և այլն։ Բների կառուցումը տևում է 7-12 օր, հների նորոգումը՝ 4-5 օր։ Բնադրման ժամկետները գաղութում շատ անհավասար են. մայիսի կեսերին հայտնվում են թարմ ձվերի լրիվ քանակով բներ։ Դնում է 35 մմ տրամագծով, բաց կապույտ՝ սևավուն բծերով 4-5 ձու։ Զուգահեռ կարող են հանդիպել նորելուկ ձագեր և թխսակալող թռչուններ։ Թխսակալում է էգը՝ 18-20 օր։ Ձագերը հայտնվում են մայիսի 3-րդ տասնօրյակին, կրկնակի բնադրման դեպքում՝ հունիսի 3-րդ տասնօրյակին, բնից դուրս են գալիս կյանքի 22-24-րդ օրը, երբ դեռևս թռիչքին կայուն չեն տիրապետում։ 1-2 շաբաթական երիտասարդները և հասունները հուլիսից մինչև հաջորդ գարուն կերակրվում են բնադրատեղերի մերձակա տարածքներում։ Արարատյան դաշտում բնադրման փաստը հաստատվել է վերջին 5 տարիներին՝ գաղութների կայուն գոյությամբ։ Նման գաղութներում 5-7 օրական ձագերի կողքին կարող են լինել նորելուկներ։ Որոշակի դեր ունի բնահողում զարգացող վնասատու միջատների ոչնչացման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։