Սերմնավորում
Սերմնավորում, կենդանիների սեռական բջիջների՝ սպերմատոզոիդների և ձվաբջիջների հանդիպման գործընթաց, նախորդում է բեղմնավորմանը։ Սերմնավորմանը նպաստում է արական և իգական գամետների միաժամանակյա հասունացումը և արտազատումը։ Այդ պրոցեսները հաճախ կապված են շատ բարդ վարքային կոմպլեքս ռեակցիաների հետ և գտնվում են արտաքին միջավայրի գործոնների (տարվա եղանակ, օրվա տևողություն, ջերմաստիճան և այլն) ազդեցության ներքո։ Սերմնավորումը լինում է արտաքին և ներքին։
Արտաքին սերմնավորումը բնորոշ է ջրում ապրող կամ այնտեղ բազմացող կենդանիների մեծամասնությանը (շատ անողնաշարավորներ, ձկներ, անպոչ երկկենցաղներ), որոնք ձվաբջիջները և սպերմատոզոիդները դնում են ջրի մեջ, որտեղ և իրականանում է բեղմնավորումը։ Ներքին սերմնավորումը կատարվում է ցամաքային կենդանիների (սպունգներ, աղեխորշավորների մեծ մասը, որդեր, հոդվածոտանիներ, շնաձկնանմաններ, քիմերներ, որոշ ոսկրային ձկներ, պոզավոր երկկենցաղներ, սողուններ, թռչուններ և կաթնասուններ) օրգանիզմում։ Ներքին սերմնավորման ժամանակ սերմը ներմուծվում է էգերի սեռական ուղիները։ Կաթնասունների օրգանիզմում սերմնահեղուկում գտնվող սերմը ներմուծվում է հեշտոցի կամ արգանդի մեջ և այնուհետև սեռական օրգանների պատերի մկանային կծկման շնորհիվ շարժվում մինչև ձվատար խողովակ։ Այդտեղ է ընկնում նաև ձվաբջիջը և հանդիպում սպերմատոզոիդին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 342)։ |