Սափոր
Սափոր, վազ, վազա (ֆրանսերեն vase, լատիներեն vas — անոթ, աման)
1․ Լայն փորով և նեղ տակով ու բերանով, կժի նման, կավե կամ մետաղե աման՝ հեղուկների համար։
2․ Անոթ, որի մեջ պահում են հանգուցյալի դիակի մոխիրը՝ աճյունակալ, աճյունասափոր։
3․ Հեղուկ և սորուն նյութերի չափ՝ սափոր կամ փաս։
4․ Դեկորատիվ անոթների ընդհանուր անվանումը։
Սափոր են կոչվում նաև հին հունական կավե անոթները, որոնք ըստ ձևի և նշանակության ունեցել են տարբեր անվանումներ։
Սափորների ստեղծումն ու նկարազարդումը եղել է անտիկ արվեստի կարևոր բնագավառ։ Կառուցվածքային պարզությամբ, ձևերի ֆունկցիոնալ արդարացվածությամբ, ներդաշնակ համամասնություններով հին հունական սափորները եվրոպական արվեստի հաջորդ դարաշրջանների համար դարձել են դասական նմուշներ։ Բազմազան ու բազմաբնույթ են տարբեր ժողովուրդների դեկորատիվ և կիրառական գեղարվեստական անոթները (ապակյա, խեցեղեն, մետաղյա և այլ նյութերից սափորներ, գավաթներ, սկահակներ, թասեր, սկիհներ, աղամաններ ևն), որոնց ձևն ու դեկորը ստեղծված է հուզական-կերպարային սկզբունքով։ Ինչպես և դեկորաաիվ-կիրառական արվեստի այլ գործերը, դրանք ծառայում են ինտերիերի պլաստիկական և գունային հարստացմանը, երբեմն նաև՝ որպես մոնումենտալ-դեկորատիվ արվեստի ստեղծագործություններ (օրինակ, ցանկապատի կամ շենքի ճակատի սկահակները), կրում են տվյալ դարաշրջանի գեղագիտական ըմբռնումների, իսկ երբեմն էլ՝ քաղաքական և սոցիալան նշանակալից իրադարձության և գաղափարի կնիքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 251)։ |