Սառցադաշտային նստվածքներ
Սառցադաշտային նստվածքներ, երկրաբանական նստվածքներ, որոնց առաջացումը կապված է ժամանակակից կամ հնագույն լեռնային սառցադաշտերի և մայրցամաքային ծածկոցների հետ։ Սառցադաշտային նստվածքներ բաժանվում են՝ բուն սառցադաշտային (սառցութային կամ մորենային) և ջրասառցադաշտային տեսակների։ Բուն սառցադաշտային նստվածքներ գոյանում են սառցազանգվածում գտնվող և տեղաշարժվող բեկորային նյութի՝ սառցադաշտի հատակին անմիջականորեն նստեցման ճանապարհով։ Կազմված են չտեսակավորված փխրուն բեկորային ապարներից, ավելի հաճախ՝ գլաքարային կավերից, կավավազներից, ավազակավերից, ավելի սակավ՝ գլաքարային ավազներից։ Ջրասառցադաշտային նստվածքները գոյանում են սառցադաշտերի ներքին և եզրային հատվածներում, կազմված են տեսակավորված և ձնհալքի ջրերով վերանստեցված մորենային նյութերից։ Տարբերում են սառցադաշտագետային կամ ֆլուվիոգլացիալ (շեղաշերտ ավազներ, մանրախիճ, գլաքարեր) և լճասառցադաշտային կամ լիմնոգլացիալ (գլխավորապես ժապավենաձև կավեր) նստվածքներ։ Բոլոր տիպի սառցադաշտային նստվածքներ առաջացնում են բարդ զուգակցություններ (համալիրներ կամ ֆորմացիաներ)։ Դրանք հատկապես հատուկ են անթրոպոգենին, երբ լայնատարած ցամաքային սառցադաշտերը ծածկել են ժամանակակից բարեխառն գոտիների հսկայական տարածություններ։ Վերին պալեոզոյի և մինչքեմբրիի սառցադաշտային նստվածքներ խիստ կարծրացած, ցեմենտացված, հաճախ էլ մետամորֆացված են (տիլիտներ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 191)։ |