Jump to content

Ս-300 «Ֆավորիտ»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ս-300 «Ֆավորիտ»
Տեսակմարտական մեքենայի մոդել
Ենթատեսակ"երկիր-օդ"դասի հրթիռային համալիր
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծառայության ընդունման տարի1978
ՍտեղծողԱլմազ֊Անտեյ, Ալմազ֊Անտեյ և Ալեքսանդր Անդրեի Ռասպլետին
ԱրտադրողԿալինինի մեքենաշինական գործարան և Ավիատեկ
Փամփուշտի տեսակզենիթային կառավարվող հրթիռ
Կրակային դիրքում բացազատված Ս-300Վ ԶԿՀ, Սիրիա.
Կրակային դիրքում բացազատված Ս-300Վ ԶԿՀ, Սիրիա.

Ս-300 «Ֆավորիտ», զենիթահրթիռային համալիրների (ԶՀՀ) ընտանիք, որոնք ունակ են խոցելու գերցածրից մինչև գերբարձր բարձրություններում թռչող նշանակետեր։ Նշանակետերի խոցման հեռավորությունը կազմում է 150-ից 300 կմ կախված համակարգում կիրառվող տարրերի, մասնավորապես կիրառվող հրթիռների տեսակից։

Նշանակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրը նախատեսված է հակառակորդի օդատիեզերական հարձակման միջոցներից պետական խոշոր արդյունաբերական և վարչական շրջանների պաշտպանություն և յուրային զորախմբավորումների հուսալի պատսպարում իրականացնելու համար։ Ունակ է խոցել ինչպես բալիստիկ (չկառավարվող), այնպես էլ աէրոդինամիկ (նավարկվող) նշանակետեր։ Հանդիսանում է առաջին բազմուղի զենիթահրթիռային համակարգը, որը թույլ է տալիս ամեն զենիթահրթիռային համալիրով ուղեկցել մինչև 6 նշանակետ և արձակել 12 հրթիռ։ Համալիրն ունակ է բոլոր գործառույթներն իրականացնել ավտոմատ կերպով՝ ի հաշիվ թվային հաշվիչ համակարգերի կիրառման։ Անձնակազմի պարտականությունները կայանում են համակարգի աշխատանքը վերահսկելու և հրթիռների արձակումն իրականացնելու մեջ։ Բարդ իրադրությունում հնարավոր է անցում կատարել մարտական աշխատանքի ձեռքի ռեժիմի։ Հրթիռների ուղղահայաց արձակման սկզբունքը հնարավորություն է ընձեռում գնդակոծել համակարգի խոցման գոտում հայտնված և ցանկացած ուղղությամբ թռչող նշանակետ։

Ստեղծման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1950-ականներին նախատեսվում էր Մոսկվայի ՀՕՊ համակարգը դարձնել շարժական։ 1960-ականներին ԶՀՀ-ների կիրառումը Վիետնամում և Մերձավոր Արևելքում ի հայտ բերեց այնպիսի համալիրների անհրաժեշտություն, որոնք ավելի շարժական են և արագ են բերվում երթային վիճակից մարտական վիճակի և հակառակը։ Դա պայմանավորված էր կրակային բնագիծը հրաձգությունից հետո անհապաղ լքելու անհրաժեշտությամբ։ Նոր զենիթահրթիռային համակարգի մշակման աշխատանքները սկսվեցին 1969 թվականին ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ։ Նախատեսված էր ստեղծել երեք տեսակի համակարգեր տարբեր զորատեսակների համար՝ Ս-300Վ (Войсковая), Ս-300Ֆ (Флотская), և Ս-300Պ (ПВО страны)։ Հիմնական մշակումն իրականացվել է «Ալմազ» գիտարտադրական միավորումում (ք. Մոսկվա, ՌԴ), այժմ՝ «Ալմազ-Անտեյ» ՀՕՊ Կոնցեռն, իսկ համալիրի համար զենիթային կառավարվող հրթիռները մշակվել են «Ֆակել» մեքենաշինական կոնստրուկտորական բյուրոյում (ք. Խիմկի, ՌԴ)։ Համակարգի սերիական արտադրությունը սկսվել է 1975 թվականին, իսկ 1978 թ.-ին ավարտվել են համակարգի փորձարկումներն, ինչից հետո՝1979 թ.-ին առաջին Ս-300 գունդը դրվել է մարտական հերթապահության։

Ս-300 զենիթահրթիռային համակարգը կազմված է հայտնաբերման ռադիոտեղորոշիչով հրամանատարական կետից և նրան միացած մինչև 6 արձակման կայանքներից, ինչպես նաև համակարգի մեջ կարող են մտնել շրջանաձև դիտարկման և ցածր բարձրություններում նշանակետերի հայտնաբերման ռադիոտեղորոշիչ կայաններ։ Կախված առաջադրվող մարտական խնդրից ստեղծվել են համակարգի տարբեր մշակումներ Ս-300Պ, Ս-300ՊՏ, Ս-300ՊՄ, Ս-300ՊՄՈՒ, Ս-300ՎՄ (Անտեյ-2500) և այլն։ Մշակումներն իրարից տարբերվում են ինչպես համակարգի մեջ մտնող տարրերի քանակով, այնպես էլ նրանց նշանակությամբ և կիրառվող հրթիռների տիպերով։ Հրթիռների հիմնական բնութագրերը բազմազան են։ Հրթիռների մարտական մասը կախված հրթիռի մշակումից տատանվում է 133կգ-ից մինչև 180կգ, հրթիռների սկզբնական քաշը նույնպես տարբերվում է և կազմում է 1450-4500կգ։ Անտեյ-2500 մշակման համար կիրառվող 9Մ83 հրթիռների առավելագույն քաշը հասնում է մինչև 5 տոննայի, մարտական մասը 150 կիլոգրամ, խոցման առավելագույն հեռավորությունը 200 կմ, նշանակետի թույլատրելի արագությունը մինչև 1700մ/վ։ Հրթիռների պայթեցումն իրականացվում է ներկառուցված ռադարի միջոցով, որը գնահատում է հրթիռի առավելագույն մոտեցվածությունը նշանակետին և պայթեցնում մարտական մասը։ Համակարգի կարևորագույն առանձնահատկություններից են՝ թվայնացված ղեկավարումը, համակարգի տարրերի տարբեր փոխգործակցության ընտրության հնարավորությունը, լավ խանգարումապաշտպանվածությունը։

Մարտական կիրառումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած զգալի առավելություններին և նորագույն տեխնոլոգիական լուծումներին, համակարգը դեռևս մարտական գործողություններում չի կիրառվել, սակայն բազմաթիվ միջազգային ուսումնամարտական և ցուցադրական հրաձգությունների արդյունքում ցույց է տվել իր բարձր արդյունավետությունը տարբեր տիպի օդային նշանակետերի դեմ պայքարում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]