Jump to content

Ռակուտյու ռակուգաի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կիոտոյի և նրա արվարձանների համայնապատկերները», անհայտ հեղինակ, 17-րդ դար, Մետրոպոլիտեն թանգարան

«Ռակուտյու ռակուգաի» (ճապ.՝ 洛中洛外図屏風), բառացի` «մայրաքաղաքը ներսից, մայրաքաղաքը դրսից»[1], ճապոնական գեղանկարչական ստեղծագործություն, որն իրենից ներկայացնում է Կիոտոյի և նրա արվարձանների համայնապատկերները[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար ռակուտյու ռակուգայի տեսարանները ստեղծվում էին ծալովի առաջակալների վրա։ Ռակուտյու ռակուգային կարող էր ծառայել այդ ժամանակների Կիոտոյի ճարտարապետության և նախագծման վերաբերյալ գիտելիքների աղբյուր, քանի որ նրաց վրա պատկերված էին քաղաքի համար կարևոր վայրերը, հուշարձանները և իրադարձությունները (սեզոնային փառատոները և փողոցային զվարճությունները)։ Այս աշխատանքներում կարելի է գտնել նաև հասարակության տարբեր խավերին պատկանող կանանց և տղամարդկանց պատկերներ, նրանց հագուստներն ու ավանդույթները, զբաղմունքները, տրանսպորտի տարբեր տեսակները, որոնցից օգտվում էին քաղաքացիները[2]։ Ռակուտյու ռակուգաի ակունքները հասնում են յամատո-է ժանրին և ձևավորում են նրա հիմնական սկզբունքներն ու ուղղությունները Կամակուրայի և Ֆուձիվարայի ժամանակաշրջանում, մասնավորապես դա վերաբերվում է նրա երկու ենթատեսակներին, մեյսյո-է-ին, նկարներ, որոնք պատկերում են գործունեության որոշակի տեսակներ երկրի տարբեր հայտնի վայրերում, և ցուկինամի-է, տարվա տարբեր եղանակներին տեղի ունեցող իրադարձությունների նկարներ (հաճախակի սեզոնային փառատոներ)[1]։ Հաճախակի այդ երկու թեմաները միավորվում էին մեկ ստեղծագործության մեջ։

Մուրոմատի ժամանակաշրջանում մեյսյո-է և ցուկինամի-է ժանրերը կարողացան գոյատևել, չնայած չինական գեղանկարչությամբ համընդհանուր հրապուրվածությանը[1]։ Այդ ժամանակաշրջանով թվագրվող այս ժանրի ստեղծագործությունները չեն պահպանվել, բայց մնացել են բազմաթիվ ծալովի հովհարներ, այդ թեմայի նկարներով։ 1503 թվականին Տոսա Միցունոբուն ստեղծել է Կիոտոյի տեսարաններով առաջակալ (միայն Կիոտոն ներսից ռակուտյու), որը նրա ժամանակակիցները բարձր են գնահատել առարկայի պատկերման նորարարության համար[1]։ Շուտով տեղի ունեցավ ռակուտյու ռակուգայի ժանրի սկզբնավորումը, որի առաջին շրջակալները թվագրվում են 1520-ական թվականներով[1]։

Հետագա տարիներին դրանք լայն ճանաչում ստացան և ավելի մեծ քանակով ստեղծվեցին։ Այս թեման որևէ գեղանկարչության դպրոցի առանձնաշնորհը չէր։ Հայտնի են Կանո և Տոսա դպրոցի ռակուտյու ռակուգայի վարպետների ստեղծագործությունները[1]։ Այդպիսի աշխատանքներ ստեղծողների մեծ մասի անունները անհայտ են, ճապոնացի պատմաբանները և արվեստագետները հաճախ նրանց համար օգտագործում էին մատի էսի (ճապ. քաղաքը պատկերող նկարիչ)[1] տերմինը։ Այս նկարիչների կրթական մակարդակի մասին ոչինչ հայտնի չէ, բայց նրանց աշխատանքներից կարելի է հասկանալ, որ շատերը պատմություն լավ գիտեին, կարողացան վերակառուցել շենքեր և շինություններ և դրանցում փոփոխությունները կատարել էին աներևակայելի ճշտությամբ[1]։

Այս թեման իր հանրաճանաչության գագաթնակետին հասավ 17-րդ դարի առաջին կեսում։ Նկարիչներին ռակուտո ռակուգայի տեսարաններով նկարներ էին պատվիրում ինչպես Կիոտոյի բնակիչները, այնպես էլ քաղաքի հյուրերը, ովքեր ցանկանում էին այդ նկարները որպես հուշանվեր տանել քաղաքից[1]։ Հաճախ նման շրջակալները ընդգրկվում էին հարսնացուների օժիտի մեջ[1]։ Ժանրը սկսեց անկում ապրել 17-րդ դարի երկրորդ կեսերից։ Դա պայմանավորված էր, որպես մշակութային և քաղաքական կյանքի կենտրոն Կիոտո քաղաքի կարգավիճակի փոփոխմամբ, որը իր դիրքերը զիջել էր Էդո քաղաքին[1]։

Մինչև մեր ժամանակները պահպանված Կիոտոյի տեսարաններով առաջակալների մեծ մասում քաղաքը բաժանված էր երկու մասի, արևելյան և արևմտյան[1]։ Սահմանը անցնում էր Աբուրա-կոձի փողոցով[1]։ Առաջակալների աջ մասում հաճախ պատկերում էին քաղաքի արվարձանները և արևելյան մասը, իսկ ձախ մասում, Նիձյո ամրոցը, Կիտայամա և Նիսիյամա բլուրները[1][2]։ Համայնապատկերի տպավորություն ստեղծելու նպատակով շրջակալի երկու մասերը դրվում էին դեմ դիմաց։ Հաճախ քաղաքը և արվարձանները պատկերվում էին տարվա չորս եղանակների ավանդական թեմաներով։ Ի տարբերություն սովորական բնանկարային առաջակալների, որտեղ «ձմեռը» գտնվում էր առաջակալի ձախ մասի ձախ եզրին, ռակուտո ռակուգայում ձմեռային տեսարանները գտնվում էին ձախ առաջակալի աջ եզրին։ Դա պայմանավորված է նրանով, որ այնտեղ պատկերված են հյուսիսային բլուրները, որոնց ավելի բնորոշ է ձմեռային բնանկարը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Murase, Miyeko; N.Y., Metropolitan Museum of Art (New York (1975 թ․ հունվարի 1). Japanese Art: Selections from the Mary and Jackson Burke Collection : [exhibition] (անգլերեն). Metropolitan Museum of Art. էջ 154—159. ISBN 9780870991363.
  2. 2,0 2,1 2,2 «洛中洛外図屏 Scenes in and around the Capital» (անգլերեն). The Metropolitan Museum of Art.