Jump to content

Ջերմային ցանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմային ցանց, խողովակաշարերի համակարգ՝ կենտրոնացված ջերմամատակարարման պայմաններում ջերմային կենտրոնից դեպի սպառիչները ջերմակրի (տաք ջուր կամ շոգի) տեղափոխման ու բաշխման համար։ Տարբերում են՝ մագիստրալային և բաշխիչ ջերմային ցանցեր։ Ըստ տեղադրման լինում են վերգետնյա և ստորգետնյա։ Քաղաքներում և ավաններում առավել տարածված է խողովակների ստորգետնյա տեղադրումը։ Վերգետնյա տեղադրումը սովորաբար իրականացվում է արդյունաբերական ձեռնարկությունների և քաղաքների սահմաններից դուրս գտնվող տարածքում։ Ջերմային ցանցերի կառուցման համար գլխավորապես օգտագործում են 50-ից (դեպի առանձին շենքերը տարվող) մինչև 1400 մմ (մագիստրալային ջերմային ցանց) տրամագծով պողպատե խողովակներ։ Ջերմամատակարարման ընթացքում ջերմակրի ջերմաստիճանը փոփոխվում է լայն սահմաններում։ խողովակաշարերի ջերմաստիճանային ընդարձակումը կոմպենսացնելու համար ջերմային ցանցերում կիրառում են կոմպենսատորներ, շառավղային՝ (П-աձև) մինչև 300 մմ տրամագծով և առանցքային՝ 300 մմ-ից ավելի տրամագծով խողովակաշարերի դեպքում։ Խողովակաշարերում ջերմային կորուստները նվազեցնելու համար կատարվում է խողովակների ջերմամեկուսացում։ Որպես մեկուսանյութ օգտագործում են ջերմահաղորդականության փոքր գործակից ունեցող նյութեր (միներալային բամբակ, փրփրաբետոն, բիտումապեռլիտ, ասֆալտիզոլ և այլն)։ Մագիստրալային ջերմային ցանցերի սխեմաները կարող են լինել շառավղային կամ օղակաձև։ Ջերմային ցանցի մագիստրալ խողովակագծերում, ճյուղավորման տեղերում տեղադրում են ստորգետնյա խցեր, որտեղ տեղավորում են չափիչ, վերահսկիչ և կարգավորիչ սարքեր։ Ջերմային ցանցում ջերմակրի տեղափոխությունն իրականացվում է շրջանառության պոմպի օգնությամբ։ Մագիստրալային ջերմային ցանցի մեծ երկարության և տեղանքի բարդ ռելիեֆի դեպքում տեղադրում են նաև մղող պոմպային ենթակայաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերմային ցանց» հոդվածին։