Պոլիպլոիդիա
Պոլիպլոիդիա, (հուն․՝ πολύπλοος - բազմակի և εζδος - տեսակ), պոլիպլոիդություն, բույսերի կամ կենդանիների բջիջներում քրոմոսոմների թվի բազմապատիկ մեծացումը։ Լայնորեն տարածված է բուսական աշխարհում (մշակովի բույսերի մեծամասնությունը պոլիպլոիդիա է)։ Բաժանասեռ կենդանիների մոտ հազվադեպ է։ Բույսերի և կենդանիների սոմատիկ (մարմնական) բջիջները, որպես կանոն, պարունակում են քրոմոսոմների կրկնակի (դիպլոիդ՝ 2ո) հավաքակազմ։ Հոմոլոգ քրոմոսոմների յուրաքանչյուր զույգից մեկը ստացվում է մայրական, մյուսը՝ հայրական օրգանիզմից։ Սեռական բջիջները, ի տարբերություն սոմատիկ բջիջների, ունեն քրոմոսոմների պակաս ելակետային (հապլոիդ ո) քանակ։ Հապլոիդ բջիջներում յուրաքանչյուր քրոմոսոմ միայնակ է, չունի իրեն հոմոլոգ զույգը։ Քրոմոսոմների հապլոիդ հավաքակազմում գեների համախումբը կոչվում գենոմ։ Սեռական բջիջներում քրոմոսոմների հապլոիդ քանակն առաջանում է մեյոզամ, քրոմոսոմների թվի կրկնակի կրճատման հետևանքով, իսկ դիպլոիդ քանակը վերականգնվում է բեղմնավորման ժամանակ։ Պոլիպլոիդիայի դեպքում սոմատիկ բջիջներում դիտվում է շեղում դիպլոիդ, իսկ սեռական բջիջներում՝ հապլոիդ հավաքակազմից։ Կարող են առաջանալ բջիջներ քրոմոսոմների եռակի (3ո), քառակի (4ո), հնգակի (5ո) ևն հավաքներով։ Բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի՝ պլոիդության համապատասխան բազմապատիկ մեծացում ունեցող օրգանիզմները կոչվում են տրիպլոիդներ, տետրապլոիդներ, պենտապլոիդներ կամ ամբողջությամբ։ Պոլիպլոիդիա կարող է առաջանալ ցածր կամ բարձր ջերմաստիճանների, իոնացնող ճառագայթների, քիմիական նյութերի ազդեցության, ինչպես նաև բջջի ֆիզիոլոգիական վիճակի փոփոխության հետևանքով։ Այդ գործոնների ազդեցության մեխանիզմը հանգեցնում է բջջի բաժանման բնականոն ընթացքի խախտմանը միտոզում (միտոտիկ պոլիպլոիդիա), որի դեպքում առաջանում են պոլիպլոիդ սոմատիկ բջիջներ) և մեյոզում (մեյոտիկ պոլիպլոիդիա), երբ առաջանում են քրոմոսոմների փոփոխված, սովորաբար դիպլոիդ հավաքակազմով սեռական բջիջներ)։ Հապլոիդ հավաքակազմի համեմատ 3-, 4-, 5-, և ավելի անգամ քրոմոսոմների քանակ ունեցող բջիջների առաջացումը կոչվում է գենոմային մուտացիա, իսկ ստացված ձևերը՝ էուպլոիդներ։ Հաճախ հանդիպում են նաև գենոմում առանձին քրոմոսոմների փոփոխված քանակով բջիջներ (անեուպլոիդիա)։ Տարբերում են միևնույն տեսակի քրոմոսոմների թվի բազմապատիկ մեծացումը միևնույն և տարբեր տեսակների (միջտեսակային, միջցեղային հիբրիդացում) խաչաձևման դեպքում՝ ավտոպոլիպլոիդիա և ալոպոլիպլոիդիա։ Պոլիպլոիդ բույսերը հաճախ աչքի են ընկնում բջիջների և օրգանների (տերևների, ծաղիկների, պտուղների) մեծ չափերով, որոշ քիմիական նյութերի բարձր պարունակությամբ և ծաղկման ու պտղաբերման ժամանակաշրջանների էվոլյուցիայում։ Պոլիպլոիդների տնտ․ օգտակար հատկությունները վաղուց ի վեր նկատել և օգտագործել են սելեկցիոներները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 359)։ |