Jump to content

Պարաշյուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարաշյուտ կամ անկարգել[1], անկում կատարող օբյեկտների (նաև մարդու) արագությունը փոքրացնող և փափուկ վայրէջք ապահովող սարքեր են։ Միջին քաշով մարդու համար ազատ անկման արագությունը մոտ 200 կմ/ժ է և զարգանում է թռիչքի պահից ընդամենը 10 վայրկյան անց։ Ահա այդ արագությունն է անհրաժեշտ նվազեցնել մինչև մարդու համար անվտանգ մեծություն։

Կլոր պարաշյուտ

Պարաշյուտներն օգտագործվում են ռազմական գործողությունների ժամանակ՝ ճանապարհազուրկ ու գետազուրկ վայրեր բեռներ փոխադրելու համար։ Իսկ ամերիկյան «Սփեյս Շաթլ» և բազմակի օգտագործման այլ տիեզերանավերի վայրէջքի ժամանակ օգտագործվել են արգելակային վիթխարի պարաշյուտներ։ Պարաշյուտի գաղափարը գիտականորեն հիմնավորել է Լեոնարդո դա Վինչին` դեռևս 1495 թվականին։ Առաջին գործող պարաշյուտը կազմված էր բամբուկի շրջանակի վրա քաշած կտորից։ Դրա ստեղծողը՝ Անդրե Գառներենը, իր վտանգավոր թռիչքը կատարել է 1797 թվականին Փարիզի արվարձաններից մեկում։

Պարաշյուտը Չինական նամականիշի վրա

Ժամանակակից պարաշյուտները, սովորաբար, նայլոնից պատրաստված հովանոցաձև գմբեթներ են և անկման ժամանակ կատարում են արգելակների դեր։ Օդի հանդիպակաց հոսքերին դիմադրություն ցույց տալով` պարաշյուտը հնարավորություն է տալիս փափուկ վայրէջք կատարել։ Ռազմական պարաշյուտներն ունեն օժանդակ փոքրիկ գմբեթներ, որոնք ձգում-բացում են հիմնական գմբեթը։

Պարաշյուտային սպորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս այս սպորտաձևը մեծ ժողովրդականություն է վայելում։ Մարզական պարաշյուտներն աղեղնաձև են, փոքրաչափ և կառավարվում են քարշափոկերով։ Դրանք կարող են դելտապլանի նման ճախրել և պտտվել օդում։ Երբեմն հարկ է լինում պարաշյուտի վրա անցքեր թողնել, որոնք կայունություն են հաղորդում նրան և թույլ չեն տալիս փակվել։ Պարաշյուտորդները թռիչքներ են կատարում հատուկ ինքնաթիռներից։ Ինչպես պարաշյուտի բացվելուց առաջ, այնպես էլ հետո մարզիկներն օդում բազմապիսի վարժություններ են կատարում։ Երբեմն անցկացվում են վայրէջքի ճշգրտության մրցումներ։ Պարաշյուտի բացվելուց առաջ կատարված թռիչքը կոչվում է ազատ անկում։ Օդում կատարելով ակրոբատիկական հնարքներ և փոխելով իրենց մարմնի դիրքը՝ պարաշյուտորդները կարող են փոխել անկման արագությունը։ Երբ պարաշյուտորդների խմբի անդամներն օդում միանում են իրար և կազմում տարբեր պատկերներ, ապա թռիչքն անվանում են խմբային ցատկ։ Կան նաև զվարճանքի պարաշյուտներ, որոնց օգնությամբ նախ օդ են բարձրանում՝ բաց պարաշյուտները մեծ արագությամբ քաշելով, ապա ինքնուրույն վայրէջք կատարում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարաշյուտ» հոդվածին։