Շագանակագեղձի բորբոքում
Շագանակագեղձի բորբոքում, պրոստատիտ ( հունարեն προστάτηζ- բառացի՝ առջևում գտնվող), շագանակագեղձի սուր կամ քրոնիկական բորբոքային հիվանդություն։ Հարուցիչներն են գոնոկոկերը, ստաֆիլո ստրեպտոկոկերը, տուբերկուլոզային միկոբակտերիաները և տրիխոմոնադները։
Ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր բորբոքման ախտանշաններն են՝ միզուկի այրոց, հաճախակի և ցավոտ միզարձակում, մեզում թարախի առկայություն, ջերմության բարձրացում, շեքի շրջանի ուժեղ ցավեր, սուր միզակապություն։ Շագանակագեղձի թարախակույտի դեպքում հիվանդագին երևույթներն ավելի բուռն են արտահայտվում։ Քրոնիկականը կարող է լինել սուր բորբոքման հետևանք կամ առաջանալ որպես ինքնուրույն հիվանդություն։ Բնորոշվում է ընդհանուր թուլությամբ, շեքի և գոտկասրբոսկրային շրջանների բութ ցավերով, սեռական ֆունկցիայի խանգարմամբ և հաճախակի միզարձակությամբ։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուր բորբոքման դեպքում անկողնային ռեժիմ, հակամանրէային միջոցներ, տաք պրոցեդուրներ, ցավազրկող և հակասպազմային դեղամիջոցներ։ Թարախակույտի դեպքում՝ վիրաբուժական միջամտություն։ Կիրառվում է նաև շագանակագեղձի մերսում և ցեխաբուժություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 411)։ |