Նույնականության սկզբունք
Նույնականության սկզբունք, քվանտային մեխանիկայի հիմնական սկզբունքներից, որի համաձայն նույնական մասնիկներից (միևնույն զանգված, լիցք, սպին ունեցող) բաղկացած համակարգում ոչ մի փորձով հնարավոր չէ մասնիկները զանազանել միմյանցից, մասնիկների տեղերը փոխանակելիս համակարգի վիճակը չի փոխվում։ Դասական մեխանիկա յում նույնական մասնիկները կարելի է տարբերել ըստ շարժման վիճակի, դրանցից յուրաքանչյուրն ունի որոշակի հետագիծ։ Քվանտային համակարգի վիճակը նկարագրվում է մասնիկների ալիքային ֆունկցիաներով, որոնք իրար ծածկում են, այսինքն՝ տարածության յուրաքանչյուր կետում որոշակի՝ զրոյից տարբեր հավանականությամբ կարող է գտնվել համակարգի կազմում եղած մասնիկներից որևէ մեկը։ Ամբողջ սպին ով (Բոզե-Էյնշտեյնի մասնիկներ) նույնական մասնիկների համակարգի վիճակը նկարագրվում է սիմետրիկ ալիքային ֆունկցիայով, իսկ կիսաամբողջ սպինով (Ֆերմի-Դիրակի մասնիկներ) մասնիկներինը՝ հակասիմետրիկ ալիքային ֆունկցիայով։ Դրանցից առաջինը չի փոխվում նույնական մասնիկների ցանկացած զույգի կոորդինատների տեղափոխության ժամանակ, իսկ երկրորդը փոխում է միայն նշանը (տես Փոխանակային փոխազդեցություն)։ Նույնական մասնիկների յուրահատկությունները դրսևորվում են նաև մակրոսկոպիկ աշխարհում, այդ մասնիկների համակարգերը ենթարկվում են որոշակի վիճակագրական օրինաչափությունների (տես Բոզե-Էյնշտեյնի վիճակագրություն և Ֆերմի-Դիրակի վիճակագրություն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 403)։ |