Նորմալատեսություն
Նորմալատեսություն, էմետրոպիա (հունարեն՝ ανάλογος - համաչափ և (μάτι - աչք), համաչափ տեսողություն, աչքի բեկունակության տեսակ, երբ լույսի զուգահեռ ճառագայթներն աչքում բեկվելուց հետո կիզակետվում են ցանցաթաղանթի լուսազգաց շերտի վրա։
Նորմալատեսության դեպքում, ակոմոդացիայի լիակատար հանգստի ժամանակ աչքը հարմարված է զուգահեռ ճառագայթների ընկալմանը, ուստի պարզ տեսողության հեռավոր կետը կգտնվի անսահմանության մեջ։
Գործնականում անսահմանություն է համարվում 5 մետր հեռավորությունը, որտեղից կատարվում է տեսողության սրության ստուգումը, այսինքն՝ 5 մետր հեռավորությունից ստուգվողը պետք է կարողանա կարդալ նախատեսված աղյուսակի 10-րդ, իսկ ավելի բարձր տարբերակված շշիկային ապարատ ունենալու դեպքում՝ 11, 12-րդ տողերը և ավելին։ Նորմալատես աչքի պարզ տեսողության մերձավոր կետը դասավորված է աչքի առջև սահմանափակ հեռավորության վրա (երիտասարդներինը՝ ավելի մոտ)։ Տարիքի հետ կապված (ոսպնյակի առաձգականության կորստի հետևանքով) այն աստիճանաբար հեռանում է աչքից և զգացնել է տալիս 40 տարեկանից սկսած, որովհետև պարզ տեսողության մերձավոր կետը, հեռանալով աչքից, աստիճանաբար մոտենում է հեռավոր կետին (35-40 սանտիմետր)։ Այս վիճակը կոչվում է «ծերունական հեռատեսություն» (պրեսբիօպիա), որը հնարավոր է շտկել միայն դրական գնդաձև օպտիկական ապակիներով։ Այսպիսով՝ 40 տարեկանից մարդն աշխատանքի համար արդեն պետք է կրի + 1, 0 D ակնոց, որից հետո յուրաքանչյուր 10 տարվա համար ակնոցի ուժն անհրաժեշտ է ավելացնել ևս 1, 0 D-ով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |