Հայտնի է 16, Հայաստանում՝ 1 տեսակ՝ ներկարարը (լատին․՝ Coracias garu- lus). բնադրող-չվող է, տարածված։ Խուսափում է անտառներից, սակայն կարող է հայտնվել լքված այգիներում։ Բնակվում է հիմնականում կիսաանապատային և լեռնատափաստանային գոտում։ Գարնանային ամենավաղ վերադարձը՝ ապրիլի 2-րդ տասնօրյակից։
Մարմնի երկարությունը 30-32 սմ է, թևերի բացվածքը՝ 66-73 սմ, կենդանի զանգվածը՝ 180-200 գ։ Հասունի փետրածածկը վառ կապույտ է, մեջքը՝ շիկակարմիր-դարչնագույն, թափահարող փետուրները՝ սև, դաստակաթևի վերին հատվածը՝ մուգ կապույտ, թևատակի ծածկողները տեսանելի կանաչավուն-կապույտ են։ Երիտասարդի փետրածածկն ավելի բաց ու խամրած է, մեջքը, այտերը, ծոծրակը, կուրծքը դարչնավուն են։ Թռիչքն ուղիղ գծով է՝ թևերի խորը թափահարումներով։ Հաճախ տեսանելի է՝ սյուներին, քարերին և ծառերին նստած։ Սնվում է խոշոր միջատներով, մանր սողուններով, կրծողներով ու թռչուններով, նաև խաղողով և այլ պտուղներով։
Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից։ Բնադրում է փչակներում, պատի ճեղքերում, ավազոտ կամ կավոտ զառիթափերի փորվածքներում, առանձին դեպքերում՝ քարակույտերում և բետոնե խոշոր սալերի տակ (80 սմ խորությամբ)։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի 1-ին կեսից հունիսի սկիզբը։ Դնում է 35 մմ տրամագծով, սպիտակ 3-6 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 18-19 օր։ Ձագերը բնից դուրս են գալիս 26-28-րդ օրը՝ տիրապետելով կայուն թռիչքին։ Չուի ամենաուշ ժամկետը՝ սեպտեմբերի 2-րդ տասնօրյակին։ Փետրավորման ուշագրավ երանգների պատճառով հաճախ որսագողերի զոհ են դառնում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։