Նախդիր
Նախդիր, նյութական իմաստից զուրկ չթեքվող բառ, որն արտահայտում է քերականական իմաստ և նյութական իմաստ արտահայտող բառի հետ միասին ձևավորում է նախադասության մեկ ստորադաս անդամ[1]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդունված է առանձնացնել գրաբարյան 6 նախդիր․
- առ
- զ
- ընդ
- ըստ
- ի
- ց
Առ նախդիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առ նախդիրը գործածվում է հայցական, տրական, բացառական և գործիական հոլովների հետ։
Առ նախդիրը հայցական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտում է․
- Դեպի, մոտ իմաստներ։ Այս դեպքում նախդիր կրող բառը ցույց է տալիս այն անձը, որին ուղղված է գործողությունը (ուղևորման հայցական)[2] կամ այն տեղը, առարկան, որտեղ կամ որի մոտ կատարվում է գործողությունը․ օրինակ՝ Առաքեաց առ նա (նրա մոտ) բազում գանձիւք (Եղիշէ, էջ 7)։ Ո՞վ ես դու, որ կոչես զիս առ արքայ (արքայի մոտ) (Ա Թագ․, ԻԶ, 14)։
- Վերաբերություն, որը աշխարհաբար է թարգմանվում վերաբերմամբ, նկատմամբ, մասին, համեմատությամբ բառերով, օրինակ՝ Երկայնամիտ լեր առ իս (իմ վերաբերմամբ, նկատմամբ), և զամենայն հատուցից քեզ (Մատթ․, ԺԸ, 26)։ Իսկ եթէ առ մարմնաւորս (մարմնավոր բաների վերաբերմամբ) այսպէս, որչափ ևս առաւել առ հոգեւորն (Եղիշէ, 15)։
- Նպատակ և պատճառ, որոնք թարգմանվում են համար, նպատակով, պատճառով բառերով կամ նախդրավոր բառի բացառական հոլովով, օրինակ՝ Առ սէր (սիրո համար) այնր յուսոյ՝ զոր տեսանեմք (Եղիշէ, 46)։ Եւ առ մղձկել սրտին՝ (սրտնեղությունից, սրտնեղության պատճառով) չգիտէր թե յո՞ թափէր զթոյնս դառնութեանն (եղիշէ, 142)։
- Տրական հոլովի իմաստ (նախդրիվ տրական), օրինակ՝ Վասն որոյ եւ պատգամ յղեցին առ մարզպան (մարզպանին) աշխարհին (Եղիշէ, 132)։
- Յուրաքանչյուր, ամեն մի իմաստ, օրինակ՝ Տայ յիսուն սիկղ առ այր (յուրաքանչյուր մարդու) (ՆՀԲ)։
- Ունիմ բայը համարելու իմաստով որպես ստորոգյալ գործածվելիս ընդունում է կրկնակի հայցական, որոնցից մեկն ունենում է առ նախդիր և միշտ դրվում է հոգնակի թվով․ աշխարհաբար կարելի է թարգմանել համարել կամ մի բանի տեղ դնել նշանակությամբ[2], օրինակ՝ Զանձինս առ իմասունս, կամ արդարս ունէին (Իրենց իմաստուն կամ արդար էին համարում կամ Իրենց իմաստունի կամ արդարի տեղ էին դնում) (ՆՀԲ)։
- Կազմում է հետևյալ կապակցությունները՝ առ ոտն կոխել (ոտնատակ անել), առ ոտն հարկանել (ոտնահարել, բանի տեղ չդնել), առ ոչինչ համարել (բանի տեղ չդնել), առ հասարակ, առ երես և այլն։
Առ նախդիրը տրական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտում է․
- Պատճառ, որն աշխարհաբար թարգմանվում է պատճառով կամ նախդրավոր բառի բացառական հոլովով, օրինակ՝ Առ տգիտութեան (տգիտության պատճառով կամ տգիտությունից) մոլորեալ են (Եղիշէ, 144)։
- Մի առարկայի մոտ գտնվելը, լինելը, օրինակ՝ Ընկեցին զնա ի գուբ առ դրան (դռան մոտ) քաղաքին (Յեսու․, Ը, 29)։
Առ նախդիրը բացառական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտում է․
- Նպատակ․ թարգմանվում է համար, նպատակով բառերով, օրինակ՝ Զի՞նչ գեղեցկագոյն քան զսիրամարգ՝ զոր առ ի ցուցանելոյ (ցույց տալու նպատակով) զգեղեցկագործութիւնն արար (Եզնիկ, 2–րդ, Ը)։
- Պատճառ, օրինակ՝ Առ ի չգոյէ (չլինելու պատճառով) մարդկան եւ առ ի չգոյէ բնակչաց եւ առ ի չգոյէ անասնոց (Երեմ․, ԼԳ, 10)։
- Մոտ իմաստը, օրինակ՝ Խնդրեսցես զիմաստութիւն առ ի չարացն՝ (չարերի մոտ) և ոչ գտցես (Առակ․, ԺԴ, 6)։
Առ նախդիրը գործիական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտում է․
- Տեղ, իմ բանի մոտ լինելը, մոտավոր տեղը, օրինակ՝ Երբեմն սոյն Յոհան անցանէր առ այգեօք (այգիների մոտով) ուրումն (Բուզ․, 6–րդ, Թ)։
- Ժամանակ, օրինակ՝ Առ Սերուքաւ (Սերուքի օրոք) եղեւ, ասեն, սկիզբն հեթանոսութեան (Եզնիկ, 2–րդ, ԺԵ)։
- Համեմատություն, օրինակ՝ Զի՞նչ է յարդ առ ցորենաւ (Հարդն ի՞նչ է ցորենի համեմատությամբ) (Երեմ․, ԻԳ, 28)։
Զ նախդիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Զ նախդիրը գործածվում է հայցական, տրական, բացառական և գործիական հոլովների հետ։
Զ նախդիրը հայցական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտում է․
- Հայցական հոլովի իմաստ, օրինակ՝ Ի սկզբանէ արար Աստուած զերկին եւ զերկիր (երկինքն ու երկիրը) (Ծննդ․, Ա, 1)։
- Գործիական հոլովի իմաստ, օրինակ՝ Եւ գրէր նաման առ Մամիկոնեանն Վահան օրինակ զայս (այս ձևով) (Փարպ․, 3–րդ, Ղ)։
Զ նախդիրը տրական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործածվում է միայն հարկանել, զարկանել բայերի կիրառության դեպքում, օրինակ՝ Ծափ զծափի հարին (ծափ տվին) ամենայն անցանաւք ճանապարհի (Ողբ Երեմ․, Բ, 15)։
Զ նախդիրը բացառական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զ նախդիրը բացառական հոլովի հետ ձևավորում է գրաբարյան պատմական հոլովը, որն աշխարհաբար թարգմանվում է սեռական հոլովով և մասին կապով կամ միայն բացառական հոլովով։ Այս դեպքում բացառականի ի նախդիրն ընկնում է։ Զ նախդիրով և բացառական հոլովով խնդիր են պահանջում ասացական և մտածական բայերը, ինչպես՝ ասել, խօսել, պատմել, հարցանել, վկայել, ուսուցանել, զարմանալ, գոհանալ, տրտնջալ և այլն։ Օրինակ՝ Թշնամիք չարախօսէին զնմանէ (նրա մասին) (Խոր․, 2–րդ, ԻԹ)։ Ուսուցանէ զբարւոյ եւ զարդարոյ եւ զչարէ (Սովորեցնում է բարու, արդարի և չարի մասին) (Եզնիկ, 4–րդ, Ա)։
- Ունիմ, առնուլ, բուռն հարկանել, կախել, կապել և բռնելու, կապելու կամ կախելու այլ բայեր պահանջում են զ նախդրով և բացառական հոլովով անուղղակի խնդիր, որն աշխարհաբար է թարգմանվում բացառական կամ հայցական հոլովաձևերով, օրինակ՝ Բուռն եհար զձորձոց (շորերից) նորա (Ծննդ․, ԼԹ, 19)։ Կախեցին զմանուկն Գրիգորիս զագւոյ (պոչից) ըզձիոյն (Բուզ․, 3–րդ, Զ)։
- Առաքել, յղել, արձակել, գնալ, երթալ և այլ բայերի հետ զ նախդիրն արտահայտում է նպատակի գաղափար, օրինակ՝ Եւ ընդ սակաւ աւուրս եկին բերին զայն ինչ, զորմէ (ինչի համար) յղեացն (Բուզ․, 4–րդ, ԾԴ)։
Զ նախդիրը գործիական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտում է․
- Տեղ՝ շուրջ կամ վրա իմաստներով։ Աշխարհաբար է թարգմանվում շուրջ կապով կամ առանց շուրջ կապի՝ տարբեր հոլովաձևերով, օրինակ՝ Պատահէին երանելւոյն զափամբ (ափին) Ռահ գետոյն (Կոր․, Թ)։
- Մոտավոր ժամանակ, օրինակ՝ Զայնու ժամանակաւ (այն ժամանակ) ապստամբեաց յարքայէն Հայոց․․․ մեծ իշխանն Աղձնեաց (Բուզ․, 3–րդ, Թ)։
- Անուղղակի խնդիր, որն աշխարհաբար է թարգմանվում տարբեր հոլովաձևերով, օրինակ՝ Ալիք զալեօք դիզանէին (Ալիքները դիզվում էին ալիքների վրա) (ՆՀԲ)։ Զգուշանայր զսահմանօքն Հայոց (Զգուշությամբ պահպանում էր Հայաստանի սահմանները) (Բուզ․, 5–րդ, ԼԴ)։
Ընդ նախդիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդ նախդիրը գործածվում է հայցական, սեռական, տրական, բացառական և գործիական հոլովների հետ։
Ընդ նախդիրը հայցական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտում է․
- Տեղ, դեպի ուր ուղղվում է գործողությունը (ուղևորման հայցական), օրինակ՝ Ապա հրաման տայր ընդ կողմանս կողմանս դեսպանս արձակել (դեպի զանազան կողմեր) (Ագաթ․, 18)։ Եւ ինքն խաղայ, ասէ, այլով աղխիւն ընդ արևմուտս հիւսիսոյ․․․ (դեպի հյուսիս–արևմուտք) (Խոր․, Ժ, 33)։
- Անուղղակի խնդիր, որտեղ նախդիրն արտահայտում է տրական հոլովի իմաստ (նախդրիվ տրական)[3]։ Կապակցությունը թարգմանվում է տրական հոլովաձևով կամ կապերով, օրինակ՝ Ոչ խնդայ ընդ կորուստ մարդկան (մարդկանց կորստյան վրա) (Եզնիկ, ԺԹ, 53)։ Հաւասարեսցէ մահս մեր ընդ մահ քաջ նահատակացն, եւ խառնեսցի արիւնս մեր ընդ արիւն անկեալ վիրաւորացն․․․ (Մեր մահը թող հավասարվի քաջ նահատակների մահվանը, և մեր արյունը թող խառնվի ընկած վիրավորների արյանը) (Եղիշե)։
- Միասնության գաղափար, օրինակ՝ ․․․ Առին ընդ իւրեանս պատարագս՝ ոսկի եւ արծաթ, ձիս եւ ջորիս եւ հանդերձս գունակ գունակս․․․ (Իրենց հետ վերցրին նվերներ՝ ոսկի, արծաթ, ձիեր, ջորիներ և զանազան հագուստներ) (Աաթանգեղոս,418)։ ․․․Չէր մարթ ամնարմնոց ընդ կանայս մարմնաւորս ամուսնանալ (Անմարմինները չէին կարող մարմնավոր կանանց հետ ամուսնանալ) (Եզնիկ, ԻԵ, 70)։
- «Միջով», «տարածությամբ» գաղափար։ Ցույց է տալիս այն առարկան, որի միջոցով, վրայով, տարածությամբ անցնում է գործողությունը։ Օրինակ՝ Ջանացարո՛ւք մտանել ընդ դուռն նեղ (Ջանացե՛ք նեղ դռնով ներս մտնել) (Ղուկ., ԺԳ, 24)։ ...ի լիւղ անցանէր ընդ գետն Եփրատ (Լողալով անցնում էր Եփրատ գետով / գետի միջով) (Ագաթ., 109)։
- Տեղ, որտեղ կատարվում է գործողությունը, որը աշխարհաբար արտահայտվում է մեծ մասամբ ներգոյական, հայցական կամ տրական հոլովներով։ Օրինակ՝ Եւ երթեւեկս առեալ ընդ խորանն, ասէ ցնա... (Եվ երթևեկելով դահլիճում՝ ասում է նրան) (Բուզ., ԾԴ, 253)։ ...երեւեցան նոցա բազմութիւն անկարգ հրոսակի ամբոխոյն Բելայ, ցան եւ ցիր յանդուգն յարձակմամբ ընդ երեսս երկրին սուրալով (Նրանց երևաց Բելի ամբոխի անկարգ հրոսակի բազմությունը՝ ցիրուցան, հանդուգն հարձակումով երկրի երեսին սուրալով) (Խոր., ԺԱ, 35)։
- Անորոշ դերբայի հայցական հոլովի հետ՝ ժամանակի գաղափար։ Օրինակ՝ ...ընդ կուտակելն բազումք զբազումս կոխեալ սատակէին (Կուտակվելիս շատերը շատերին տրորելով սպանում էին) (Ագաթ., 97)։ Եւ ընդ վազելն ծնանէր զմանուկն (Վազելիս ծնեց մանկանը) (Բուզ., ԺԸ, 199)։
- Կախել և կապել բայերի մոտ դրվելով հայցական հոլովի վրա՝ ցույց է տալիս այն առարկան, որից մի բան է կախվում, որին մի բան է կապվում։ Օրինակ՝ ...լաւ է նմա՝ եթէ կախիցի երկան իշոյ ընդ պարանոց նորա՝ եւ ընկղմիցի ի խորս ծովու (Լավ է նրան, որ մեծ երկնաքարը կախվի նրա պարանոցից և ընկղմվի ծովի խորքերը) (Մատթ., ԺԸ, 6)։
- Միջոցի գործիական իմաստ, օրինակ՝ ...ծառայ որ ընդ ունկն ոչ լսէ՝ ընդ մկանունս տան լսել նմա (Եթե ծառան ականջով չի լսում, մկաններով են լսել տալիս նրան) (Եզնիկ, ԺԵ, 43)։
- Ամբողջականության գաղափար, օրինակ՝ ...ընդ այր և ընդ կին և ընդ մանուկ աւելի քան զչորեքհարիւր բիւր (Տղամարդ, կին և մանուկ միասին՝ ավելի քան չորս հարյուր բյուր) (Ագաթ., 435)։
- Կազմում է ոճեր, օրինակ՝ հանել ընդ սուր – սրի մատնել, ընդ ցից հանել – հանել ցցի վրա, ընդ գինիս մտանել – գինով ընկնել, ընդ ժամանակս ժամանակս – ժամանակ առ ժամանակ։
Ընդ նախդիրը սեռական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտում է․ «Դիմաց», «փոխարեն», երբեմն էլ «համար» գաղափարը։ Օրինակ՝ ...նա ինձ չար ընդ բարւոյ հատոյց (Նա ինձ բարու փոխարեն չար հատուցեց) (Բուզ., ԾԴ, 250)։ ...տալ գինս ընդ կերակրոյ (Գին տալ կերակուրի համար / կերակուրի դիմաց) (Ագաթ., 86)։
Ընդ նախդիրը տրական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտում է․ Միասնության գաղափար։ Օրինակ՝ Խօսել սկսաւ ընդ նմա (Սկսեց խոսել նրա հետ) (Ագաթ., 20)։ Ուստի յայտ իսկ է՝ թէ հրոյ ընդ խոտոյ ոչ ամուսնութիւն լինի... (Այդտեղից էլ հայտնի է, որ կրակը խոտի հետ չի կարող ամուսնանալ, չի կարող միանալ) (Եզնիկ, ԺԳ, 64)։
Մի քանի բայեր, որոնք ընդհանրապես ընդունում են ընդ նախդիրով և հայցական հոլովով խնդիր, այդպիսի խնդիր ստանում են նաև տրականով։ Այս դեպքում ընդ նախդիրի արտահայտած իմաստը կարելի է արտահայտել վրա, նկատմամբ կապերով կամ միայն տրական հոլովով։ Օրինակ՝ Որպէս ամենայն տանուտէր ընդ տան և ընդ ընտանեաց իւրոց հոգայ՝ սոյնպէս եւ մեք հոգամք ընդ մեր Հայոց աշխարհիս շինութեան (Ինչպես յուրաքանչյուր տանտեր հոգ է տանում իր տան և ընտանիքի նկատմամբ, նույնպես էլ մենք ենք հոգ տանում մեր Հայոց աշխարհի շինության նկատմամբ) (Ագաթ., 75)։
Ընդ նախդիրը բացառական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտում է․
- Դադարման գաղափար։ Ցույց է տալիս այն տեղը, որտեղ լինում կամ գտնվում է մի բան։ Օրինակ՝ Նի՛ստ ընդ աջմէ իմմէ... (Նստի՛ր իմ աջ կողմում) (Մատթ., ԻԲ, 44)։ Յայնժամ ասասցէ ցայնոսիկ՝ որ ընդ ահեկէն իցեն... (Այն ժամանակ կասի ձախ կողմում եղածներին) (Մատթ., ԻԵ, 41)։
- Պատճառի գաղափար, օրինակ՝ ընդ երկիւղէն – երկյուղից, ընդ տկարութենէ մնաց – տկարության պատճառով մնաց։
- Յ նախդիրի դեր է կատարում, օրինակ՝ ընդ արեւելից կողմանէ – արևելյան կողմից, ընդ հարաւոյ կողմանէ – հարավային կողմից։
Ընդ նախդիրը գործիական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտում է․
- «Տակ»՝ տարածական իմաստով։ Օրինակ՝ Եւ այլք զգերեզմանս կրկտեն, եւ զթաղեալ մարմինս ընդ հողով՝ մերկացեալ խայտառակեալ՝ արեւու ցուցանեն (Եվ ուրիշները գերեզմաններն են պրպտում ու հողի տակ թաղված մարմինները մերկացնելով, խայտառակելով՝ արևին են ցույց տալիս) (Եզնիկ, Դ, 14-15)։
- «Տակ»՝ իրավական առումով՝ ենթարկման, հնազանդման իմաստով։ Օրինակ՝ Քանզի եւ ես այր մի եմ ընդ իշխանութեամբ, ունիմ ընդ ինեւ զինուորս (որովհետև ես էլ իշխանության ենթարկվող մարդ եմ և ինձ ենթակա զինվորներ ունեմ) (Մատթ., Ը, 9)։
- Ընդհանրապես տեղ։ Օրինակ՝ ...ես ոչ կարեմ ձեզ հովիւ կալ, եւ ոչ զձեր մեղսդ ընդ անձամբ բառնալ... (Ես չեմ կարող ձեզ հովիվ լինել և ձեր մեղքերն ինձ վրա վերցնել) (Բուզ., Գ, 108)։
Ըստ նախդիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ նախդիրը գործածվում է հայցական, տրական և բացառական հոլովների հետ։
Ըստ նախդիրը հայցական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտում է․
- Դուրս, մի բանից այն կողմ գաղափար, որն աշխարհաբար կարելի է թարգմանել նաև բացառական հոլովով։ Օրինակ՝ Ոչ կարացին հանել ըստ ձորակն (Չկարողացան հանել այս ձորակից դուրս) (Ագաթ․, ԺԷ, 21)։
- Ըստ, համաձայն, համեմատ, պես գաղափար։ Օրինակ՝ Մի՛ ըստ աչս դատիք, այլ ուղիղ դատաստան արարէք (Աչքերի համեմատ (աչքերի տեսքով) մի դատեք, այլ ուղիղ դատաստան արեք) (Յովհ․, Է, 24)։
Ըստ նախդիրը տրական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործածության միայն մեկ դեպք կա․ նշանակում է համաձայն, նման, որը թարգմանելիս կարելի է արտահայտել նաև գործիական հոլովով։ Օրինակ՝ Արդ՝ եւ դուք զասացեալսն ըստ հրամանացն փութացարո՛ւք կատարել (Այժմ դուք էլ շտապե՛ք ասածները հրամանների համաձայն կատարել) (Ագաթ․, 393)։
Ըստ նախդիրը բացառական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտում է․
- Հաջորդականության գաղափար։ Օրինակ՝ Եւ զի՞ մի ըստ միոջէ թուեմ (Եվ ինչպե՞ս մեկ առ մեկ թվեմ) (Ագաթ․, 109)։
- Հազվադեպ՝ համաձայն, նման, օրինակ՝ ․․․Ըստ նողանէ եւ պարապեալքն այսպիսում ճղնութեան դիւանագիրք մատենից՝ ներբողականաց ի մէնջ արժանի եղեն ասից (Նրանց նման նաև այս ծանր աշխատանքով զբաղված դիվանների մատենագիրները մեր կողմից գովասանական խոսքերի արժանացան) (Խոր․, Գ, 10)։
Ի նախդիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի նախդիրը գործածվում է հայցական, տրական և բացառական հոլովների հետ։
Ի նախդիրը հայցական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտում է․
- Ներգոյական հոլովի իմաստ։ Օրինակ՝ ․․․Դի՛ք ի սիրտս ձեր․․․ (Դրե՛ք ձեր սրտերում․․․) (Ագաթ․, 90)։
- Շարժման ուղղություն (ուղևորման հայցական)։ Օրինակ՝ ․․․Ոչ թէ յարեւելից յարեւմուտս գնան՝ այլ յարեւմտից յարեւելս (Ոչ թե արևելքից դեպի արևմուքտ են գնում, այլ՝ արևմուտքից դեպի արևելք) (Եզնիկ, Ա, 139)։
- Անուղղակի խնդիր։ Օրինակ՝ Ի քաջութիւն զօրացն յուսացեալ․․․ (Զորքերի քաջության վրա հույս ունենալով․․․) (Ագաթ․, 16)։ ․․․Զաջօղութիւն մատանց մերոց ի նա ցուցեալ՝ ցրուեսցի ամբոխն, եւ մեք եղիցուք յաղթութիւն ստացեալք (Մեր մատների հաջողությունը նրան ցույց տանք, ամբոխը ցրվի, և մենք հաղթենք) (Խոր․, 35)։
- Գործիական հոլովի իմաստ։ Օրինակ՝ Շինէ եւ գիւղ մի, եւ անուանէ յիւր անուն Հայկաշէն (Շինում է և մի գյուղ ու իր անունով անվանում Հայկաշեն) (Խոր․, Ժ, 33)։
- Ժամանակ։ Օրինակ՝ Իսկ ի լինել մարտին հարկանի զօրն Արայի (Իսկ մարտի ժամանակ Արայի զորքը ջարդվում է) (Խոր․, ԺԷ, 56)։
- Նպատակի գաղափար։ Օրինակ՝ Վասն չարագործաց իսկ էր շինել զայն տեղի եւ ի սպանումն մահապարտացն․․․ (Այն տեղը շինել էր հենց չարագործների համար, մահապարտներին սպանելու նպատակով) (Ագաթ․, 72)։
- Մի բանի այլ բանի վերածվելը։ Օրինակ՝ Պէտ արարեալ զամենայն ազգաց զմատեանս եւ զվէպս ի յոյն լեզու փոխարկեաց (Կարևոր համարելով՝ բոլոր ժողովուրդների մատյաններն ու վեպերը հունարենի փոխեց) (Խոր․, Բ, 8)։
Ի նախդիրը տրական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտում է․
- Ներգոյական հոլովի իմաստ։ Օրինակ՝ Երկն ի ծովուն ունէր եւ զկարմիրկն եղեգնիկ (Երկունքը ծովում բռնել էր նաև կարմրիկ եղեգնիկին) (Խոր․, ԼԱ, 85)։
- Գործողության կատարման ժամանակ։ Օրինակ՝ ․․․Որ էր ինքն ի կենդանութեանն իւրում յառաջագոյնն բնակեալ (Որտեղ ինքն առաջ իր կենդանության ժամանակ բնակվում էր) (Բուզ․, ԺԶ, 69)։
- Նպատակի գաղափար։ Օրինակ՝ Եւ ետուն նոցա զդստերս իւրեանց ի կնութեան․․․ (Եվ իրենց դուստրներին նրանց կնության տվեցին) (Բուզ․, ԺԸ, 73)։
Ի նախդիրը բացառական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի նախդիրը միշտ հանդես է գալիս բացառական հոլովի կազմության մեջ։ Առանց այս նախդիրի չկա բացառական հոլով։ Սակայն որոշ դեպքերում ի նախդիրը կարող է և չգործածվել։ Այդ դեպքերն են՝
- երբ բացառական հոլովով դրված բառի մոտ կրկնվում է նույն բառը ի նախդիրով և հայցական հոլովով։ Օրինակ՝ Թէպէտ եւ հալածեսցեն զձեզ քաղաքէ ի քաղաք (Թեպետ և ձեզ կհալածեն քաղաքից քաղաք) (Ագաթ․, 82)։
- առաջին և երկրորդ դեմքերի անձնական դերանունների բացառական հոլովի երկրորդական ձևերը, որոնք եղանակիչ վերջահար բառերի կիրառություն ունեն՝ ինձէն, մեզէն (մեզոյն), քեզէն (քեզոյն)։
- երբեմն հանդես չի գալիս այն բառերի բացառականում, որոնք իրենց կազմության մեջ ունեն այդ նախդիրը որպես ածանց, որը փուլվել է արմատին, օրինակ՝ ․․․որք ոչ երբեք սուրբ են յանցանաց (ի յանցանաց)։
Ց նախդիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ց նախդիրը գործածվում է միայն հայցական հոլովի հետ
Ց նախդիրը հայցական հոլովի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտում է․
- Մինչև մի տեղ, մի ժամանակ, մի աստիճան գաղափար։ Օրինակ՝ Ցայժմ ես քեզ առեւծ էի, եւ արդ աղուէս (Մինչ այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվես) (Բուզ․, Գ, 256)։
- Տրական հոլովի իմաստ։ Օրինակ՝ Ետ ցՈրմիզդ եւ ասէ (Տվեց որմիզդին և ասաց) (Եզնիկ, Ա, 80)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 159)։ |