Մտածելու 6 գլխարկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մտածելու 6 գլխարկներ (անգլ.՝ Six Thinking Hats), մտագրոհման (անգլ.՝ Brainstorm) ձև, գործիք՝ առաջին անգամ առաջարկված Էդուարդ դե Բոնոյի կողմից, որը «6 գունավոր գլխարկների» օգնությամբ ավելի արդյունավետ է դարձնում խմբակային քննարկումը, օգնում է հետևողականորեն պլանավորել մտածելու ընթացքը[1]։

Հիմնական բնույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մեթոդի հիմքում ընկած է զուգահեռ մտածելու հայեցակարգը։ Որպես կանոն, այս կամ այն որոշումներն առաջանում են քննարկման ընթացքում մտքերի բախումներից, սակայն ոչ միշտ է ամենալավ տարբերակն ընտրվում։ Այս մեթոդի օգնությամբ տարբեր մոտեցումներ ու գաղափարներ հանդես են գալիս միաժամանակ՝ առանց իրար հանդեպ ինչ-որ առավելությունների։ Նկարագրելով մտածելու 6 ռեժիմներ՝ Դե Բոնոն համեմատում է դրանք 6 տարբեր գույնի գլխարկների հետ։ Քննարկման ընթացքում խմբի յուրաքանչյուր անդամ «հագնում է» մի գլխարկ և կատարում իր գործառույթները։

Կապույտ գլխարկ — Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կրելով» կապույտ գլխարկը՝ տվյալ անդամը դառնում է պատասխանատու քննարկման ղեկավարման և դրան կողքից հետևման համար։ Այն օգտագործվում է քննարկման սկզբում՝ հաստատելով վերջինիս նպատակները և որոշելով՝ ինչի պետք է հասնել արդյունքում։

Օրինակներ՝

  • Սկզբի համար մենք կշարժվենք հետևյալ ուղղությամբ։ Բոլորը համաձա՞յն են։
  • Առաջարկում եմ դադարեցնել աշխատանքը։ Հիմա սկսում ենք քննարկել։ Եկեք առաջինը լսենք սև գլխարկին և սահմանենք բոլոր թույլ կողմերը։

Սպիտակ գլխարկ — Փաստեր և տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կրելով» սպիտակ գլխարկը՝ տվյալ անդամը դառնում է պատասխանատու քննարկման թեմայի շուրջ տարբեր փաստերի և ինֆորմացիայի համար։ Բացի ունեցած տվյալներից՝ կարևոր է, որ տվյալ անձն ունենա որոշակի բազա, որպեսզի կարողանա հեշտությամբ հայթայթել պակասող կամ լրացուցիչ տեղեկություն։

Օրինակներ՝

  • Ահա նախորդ 2 տարվա վաճառքի վերաբերյալ տվյալներ
  • Եվրոպայում աճում է ծերերի թիվը
  • Ահա վիճակագրական որոշ տվյալներ

Կարմիր գլխարկ — Զգացմունքներ և էմոցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կրելով» կարմիր գլխարկը՝ մասնակիցները արտահայտում են իրենց կարծիքները` հիմնված իրենց զգացմունքների և նախազգացումների վրա։

Օրինակներ՝

  • Ես կուզենայի անել դա, բայց լիովին վստահ չեմ։
  • Ես հիասթափված եմ, որ իրավիճակն այսքան հեռուն գնաց։

Սև գլխարկ — Քննադատություն, վատատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կրելով» սև գլխարկը՝ տվյալ անձը անընդհատ բերում է փաստարկներ, որոնք կազմում են քննարկվող թեմայի թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը, քննադատությունները և այլն։ Այս գույնը հիշեցնում է զգուշավորության մասին։

Օրինակներ՝

  • Իսկ ի՞նչ, եթե մեզ չհաջողվի համապատասխան միջոցներ ձեռք բերել ներդրումննրի համար։
  • Այդ նոր մոտեցումը կարող է սխալ ընկալվել հաճախորդների կողմից։
  • Տվյալ ապրանքի թողարկումը կարող է զգալիորն կրճատել հաճախորդների թիվը։

Դեղին գլխարկ — Լավատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կրելով» դեղին գլխարկը՝ տվյալ անձը նշում է քննարկվող թեմայի բոլոր առավելությունները։ Իրականում այս գլխարկը սևի ճիշտ հակառակն է։ Տվյալ գույնի կրողը հնարավորինս առանձնացնում ու կարևորում է դրական կողմերը։

Օրինակներ՝

  • Տվյալ մոտեցումը թույլ կտա հասցնել մեր արդյունավետությունը առավելագույնի։
  • Այդ եղանակը կիրառելով՝ կկարողանանք ճիշտ դիրքավորել մեր ապրանքը շուկայում։

Կանաչ գլխարկ — Ստեղծարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կրելով» կանաչ գլխարկը՝ տվյալ անձը հանդես է գալիս նորարար ու տարբերվող գաղափարներով։ Խորհուրդ է տրվում այն օգտագործել սև գլխարկից հետո, որպեսզի դժվարությունները հեշտությամբ հաղթահարվեն։

Օրինակներ՝

  • Մենք կարող ենք հաջողության հասնել, եթե օգտագործենք Х մեթոդը, թե՞ Y։
  • Իսկ եթե այն անվճար տրամադրե՞նք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդուարդ դե Բոնո (1985). Six Thinking Hats: An Essential Approach to Business Management. Little, Brown, & Company. ISBN 0-316-17791-1 (hardback) and 0316178314 (paperback).