Մագնիսական անոմալիա
Մագնիսական անոմալիաներ, Երկրի մագնիսականության տարրերի արժեքների շեղումը (մագնիսական շեղում, մագնիսական խոտորում) բնականոն արժեքներից (անոմալիա՝ շեղում նորմայից, ընդհանուր օրինաչափությունից, անկանոնություն)։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մագնիսական անոմալիաները լինում են՝ մայրցամաքային, ռեգիոնալ և տեղային։
Մայրցամաքային անոմալիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայրցամաքային անոմալիաները, որոնց պատճառները հիմնականում անհայտ են, ընդգրկում են Երկրի մակերևույթի զգալի մասը՝ տասնյակ միլիոն կմ2 (օրինակ՝ արևմտյան շեղման մարզը՝ Արևելյան Սիբիրում)։
Տեղային և ռեգիոնալ անոմալիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղային և ռեգիոնալ մագնիսական անոմալիաները պայմանավորված են երկրակեղևի կառուցվածքով։ Ռեգիոնալ անոմալիաներն ընդգրկում են հարյուրից մինչև հարյուր հազարավոր կմ2 մակերես։ Այս անոմալիաների հիմնական տարբերիչ հատկանիշը մագնիսական տարրերի անոմալ արժեքների սահուն փոփոխությունն է, որը պայմանավորված է անոմալիաներ առաջացնող մագնիսական ապարների 1 կիլոմետր ավելի խորությամբ։ Տեղային մագնիսական անոմալիաները գրավում են մի քանի մ2 տարածություն։ Կուրսկի մագնիսական անոմալիան, չնայած ընդգրկած մեծ տարածությանը, դասում են տեղային մագնիսական անոմալիաների շարքին, որովհետև մագնիսական տարրերի արժեքները յուրաքանչյուր վայրում տեղային են բնույթով (մագնիսական ապարներն ընկած են ոչ մեծ խորություններում)։ Առավել ինտենսիվ տեղային մագնիսական անոմալիաները կապված են երկաթա-մագնետիտային հանքանյութերի կուտակումների և մագնետիտով հարուստ այլ ապարների հետ։
Շատ ուժեղ մագնիսական անոմալիաներ առաջանում են երկաթ պարունակող ապարների կայծակնահարումից։ Մագնիսական անոմալիաների հետազոտումը մեծ նշանակություն ունի երկրակեղևի երկրաբանական կառուցվածքն ուսումնասիրելու, երկաթահանքեր և այլ օգտակար հանածոներ հայտնաբերելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |