Ճարտարապետական ձայնագիտություն
Ճարտարապետական ձայնագիտություն, շինությունների հնչականություն, ձայնագիտության ոլորտ, ուսումնասիրում է ձայնային ալիքների տարածումը կառույցներում, դրանց անդրադարձումն ու մարումը մակերեսների միջոցով, անդրադարձած ալիքների ազդեցությունը խոսքի և երաժշտության լսելիության վրա։
Նպատակ և խնդիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարտարապետական ձայնագիտությունը նպատակ ունի ստեղծել թատերական, համերգային, ռադիոստուդիաների և այլ դահլիճներում նախատեսված լսելիությունն ապահովող նախագծեր։
Ձայնի աղբյուրի երկարատև հնչման ժամանակ անդրադարձող ուշացած ձայները, միանալով հիմնական ձայնին, ուժեղացնում են այն, սակայն միաժամանակ մեծացնում են գվվոցը, որը նվազեցնում է խոսքի հստակությունն ու երաժշտության ընկալման որակը։ Այդ պատճառով էլ ճարտաապետական ձայնագիտության կարևոր խնդիրներից է նաև շինության ներսում հիմնական և անդրադարձող ձայների բաշխման հաշվարկումը։
Առավել նպաստավոր պայմանները տարբեր են ոչ միայն խոսքի և երաժշտության, այլև տարաբնույթ երաժշտական ստեղծագործությունների (կամերային, էստրադային, սիմֆոնիկ և այլն) համար։ Դրանով պայմանավորված՝ համերգասրահների հնչականության նախագծումը (ձևի ընտրությունը, ունկնդիրների տեղավորումը, կախովի անդրադարձիչների օգտագործումը և այլն) պահանջում է փոխզիջումային լուծումեր։
Մեծ համերգասրահներում լսելիության պայմանները կարելի է բարելավել ուժեղացնող էլեկտրաակուստիկական համակարգերի և արհեստական ռևերբերացիայի (ձայնի աստիճանային մարման) միջոցով։
Ճարտարապետական ձայնագիտության մեթոդն օգտագործում են նաև շինությունների մեջ աղմուկի դեմ պայքարելու համար։ Շինության մեջ հնչականության մասին իմացությունների օգտագործման լավագույն օրինակներից են Հին Հունաստանի և Հռոմի բացօթյա թատրոնները։ Շինությունների հնչականության փորձարկումները հիմնվում են շենքում միկրոֆոնով ընդունվող ձայնային ազդանշանի էլեկտրական չափումերի վրա և ավարտվում տարածության մեջ ձայնի բաշխման հավասարաչափության որոշմամբ, արձագանքի աստիճանային մարման ուսումասիրությամբ։
Ձայնակլանման տեսությունն ու նրա չափման եղանակները նույնպես ճարտարապետական ձայնագիտության ուսումնասիրման առարկաներն են։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ганус К., Архитектурная акустика, пер. с нем., М., 1963.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 690)։ |