Ճապոնական գիր, հիերոգլիֆներից (մոտ 15 հազար) բաղկացած գրային համակարգ, որոնցով նշանակում են մեկ կամ մի քանի համանիշ ձևույթներ և վանկային այբուբենի երկու տարբերակի հիրագանա, կատականա, առաջինը՝ օժանդակ ձևույթների ու նմանաձայնությունների, երկրորդը՝ նորագույն փոխառությունների գրության համար։ Ճապոնական գիրը զուգակցում է գաղափարագրության ու հնչյունագրության սկզբունքները։ Հիերոգլիֆները VI-VII դարերին չինական փոխառություններ են։ Ճապոնական գիրը նախապես գրել են չինարեն, ապա սկսել են նշանակել ճապոներեն բառեր, ձևույթներ։ Յուրաքանչյուր բառ կարող էր գրվել 5-20 ցանկացած համանիշ նշանով։ XII դարին մնացել են համեմատաբար պարզ կտրվածքներով վանկագրերը (կատականա) և դյուրագիծ բոլորգրերը (հիրագանա)։ 1946-ին մամուլում օգտագործվող հիերոգլիֆների թիվը կրճատվելով հասել է 1800-ի, 700-ի գրությունը պարզեցվել է։ Նկատվում է գաղափարագրությունից հնչյունագրության անցնելու միտում։ Բառերը չեն սահմանազատվում։ Գրությունը՝ վերից վար, աջից ձախ, երբեմն նաև՝ ձախից աջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 68)։