Ձայնական դաշտ
Ձայնական դաշտ, տարածության այն տիրույթը, որտեղ տարածվում են ձայնային ալիքները, այսինքն տեղի են ունենում այդ տիրույթը լցնող առաձգական միջավայրի (պինդ, հեղուկ կամ գազային) մասնիկների ձայնային տատանումներ։ Ձայնական դաշտ լրիվ որոշված է, եթե հայտնի է ձայնային ալիքը բնութագրող մեծություններից որևէ մեկի (տատանվող մասնիկի շեղումը հավասարակշռության դիրքից, տատանման արագությունը և այլն) ժամանակային և տարածական փոփոխությունը դաշտի յուրաքանչյուր կետում։ Ձայնական դաշտ հասկացությունը սովորաբար կիրառվում է այն տիրույթների համար, որոնց չափերը ձայնային ալիքի երկարության կարգի են կամ ավելի մեծ։ Էներգետիկ տեսակետից ձայնական դաշտ բնութագրվում է ձայնային էներգիայի խտությամբ, իսկ եթե տեղի ունի էներգիայի փոխանցում՝ ձայնի ինտենսիվությամբ։ Ընդհանուր դեպքում ձայնական դաշտի պատկերը կախված է ոչ միայն ձայնի աղբյուրի հզորությունից և ուղղորդվածությունից, այլև առաձգական միջավայրերի բաժանման մակերևույթի հատկություններից ու դիրքից։ Համասեռ անսահմանափակ միջավայրում ձայնական դաշտ վազող ալիքի դաշտ է։ Փակ շենքերում ձայնական դաշտ կարող է լինել դիֆուզ։ Ձայնական դաշտի չափման համար կիրառվում են միկրոֆոններ, հիդրոֆոններ և ձայնի այլ ընդունիչներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 691)։ |