Jump to content

Հիշողություն (Ջեյմս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիշողություն (այլ կիրառումներ)

Հիշողությունը ըստ Ջեյմսի, անցած հոգեվիճակի մասին գիտելիք է այն բանից հետո, երբ վերջինս դադարել է անմիջականորեն գիտակցվել մեր կողմից, իսկ ավելի ճիշտ, այն գիտելիք է որևէ իրադարձության կամ փաստի մասին, որի մասին մենք տվյալ պահին չենք մտածել և որը մեր կողմից գիտակցվում է որպես մեր անցյալի որևէ երևույթ։ Դեպի հեռավոր անցյալ ուղղվածության ընդհանուր զգացումը, այդ ուղղվածության հիմքում ընկած որոշակի ամսաթիվը, այդ ամսաթվին վերագրվող և մեր կողմից պատկերացվող իրադարձությունը, որը բնութագրվում է որոշակի անվամբ և բովանդակությամբ, այդ իրադարձության ճանաչումը պատկանում է մեր անձնական փորձին։ Սրանք կազմում են հիշողության բաղկացուցիչ տարրերը։

Հիշողության բաղադրիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողության գործընթացը ներառում է երկու տարր՝

  • Որևէ փաստի մտապահում,
  • Այդ փաստի վերհիշում կամ վերարտաադրում։

Վերհիշումը բացատրվում է զուգորդման միջոցով։ Ասոցիանիստները բացատրում են վերհիշումը զուգորդման միջոցով։ Օրինակ, Ջեյմս Միլը նշում է, որ որևէ իրադարձություն գիտակցելու համար մենք գիտակցում ենք վերջինիս հետ կապված որոշակի իրադարձություններ այն հույսով, որ դրանցից մեկը կհիշեցնի մոռացածը։ Զուգորդումը բացատրում է նաև մտապահումը։ Մտապահումը համարվում է վերհիշման ունակություն։ Այս դեպքում մտապահման գոյության միակ վկայությունը վերհիշման առկայությունն է։ Որևէ երևույթի մտապահումը հնարավորություն է տալիս մտածել նրա մասին՝ կապված վերջինիս պայմանների, ժամանակի հետ։

Հիշողության մոդել

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլյամ Ջեյմսի կողմից առաջադրված հիշողության մոդել

Ջեյմսը հիշողության երևույթի բացատրման համար օգտագործում է հատուկ մոդել, որում առանձնացնում է՝

  • n-ը անցած իրադարձությունն է,
  • O-ն n-ի շրջակա միջավայրն է(մոտակա իրադարձություններ, ամսաթիվ, մեր անձի հետ նրա կապը),
  • m-ը ներկայի միտքը կամ փաստն է, որը վերհիշման առիթ է հանդիսանում

M, N, O-ն վերոնշյալ տարրերի նյարդային կենտրոններն են։ M-ի և N-ի, N-ի և O-ի միջև առկա կապերն արտահայտում են հիշողության մեջ n իրադարձության պահման փաստը, իսկ գլխուղեղի դրդումը՝ ուղղված այդ ուղիներին, կարտահայտի այդ իրադարձության վերհիշման պայմանը։ Վերհիշումը հոգեֆիզիկական գործընթաց է, որն ունի և՛ մարմնական, և՛ հոգեկան կողմ. մարմնականը նյարդային ուղիների դրդումն է, իսկ հոգեկանը՝ անցած երևույթի գիտակցական պատկերացումը և մեր անցյալին նրա պատկանելության նկատմամբ հավատը։ Եթե մենք կարողնայինք գիտակցության մեջ դուրս բերել անցած իրադարձությունը՝ անկախ որոշակի զուգորդումների, ապա դրանով իսկ կբացառվեր հիշողության որևէ հնարավորությունը։ »վերհիշելով որևէ իրադարձություն առանց շրջապատող միջավայրի՝ մենք դժվարությամբ կարող ենք այն տարբերել մեր երևակայության պարզ արդյուքից։ Բայց ինչքան շատ են վերջինիս հետ կապված զուգորդումները մեր գիտակցության մեջ, այնքան մենք հեշտ ենք ճանաչում անցած փորձի օբյեկտը։

Լավ հիշողության պայման

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե մենք վերհիշում ենք n փաստը, ապա N-O ուղին կազմում է այն ֆիզիոլոգիական պայմանը, որոնք գիտակցության մեջ առաջ են բերում n-ին շրջապատող միջավայրը և n-ը դարձնում հիշողության օբյեկտ։ Մյուս կողմից, M-N ուղին տալիս է n-ի վերհիշման առիթ։ Այսպիսով, չնայած հիշողությունը ամբողջովին հիմնված է նյարդային ուղիների հատկության վրա, այնուամենայնիվ նրա առավելությունը տվյալ անհատի մեջ կապված է նյարդային ուղիների քանակից, հաստատունությունից։ Նյարդային ուղիների կայունությունը յուրաքանչյուր մարդու նյարդային հյուսվածքի անհատական ֆիզիոլոգիական հատկությունն է, իսկ վերջինիս թիվը կախված է անհատական փորձից։ Նյարդային ուղիների կայունությունը անվանում են բնածին ֆիզիոլոգիական ընկալունակություն։ Սա տարբեր է տարբեր անհատների մոտ տարբեր տարիքներում։ Կյանքի ընթացքում կա այնպիսի ժամանակահատված, երբ շաբաթվա ընթացքում մենք մոռանում ենք ճիշտ այնքան, ինչքան ձեռք ենք բերում նոր գիտելիքներ։ Հավասարակշռության այս վիճակը կարող է տևել երկար ժամանակ։ Ծերության ժամանակ այս հավասարակշռությունը խախտվում է հակառակ ուղղությամբ. մոռացվող ինֆորմացիայի քանակը գերակշռում է ձեռք բերածի քանակին։ Այս դեպքում նյարդային ուղիները դառնում են միանգամայն անկայուն։ Ինչքան մեծ քանակության փաստերի հետ ենք զուգորդում տվյալ փաստը, այնքան ավելի հեշտ է այն պահվում հիշողոթյան մեջ։ Լավ հիշողության պայմանը նրանում է, որ ձևավորվի բազմաքանակ ու բազմազան զուգորդումներ ցանկացած փաստի եհտ կապված, որը մենք ցանկանում ենք պահել մեր հիշողության մեջ։ Մարդու հիշողության բնածին ընկալունակությունը անփոփոխ է։ Հիշողության կատարելագործումը կայանում է այն օբյեկտների հետ կապված բազմաքանակ զուգորդումների առաջացման մեջ, որոնք պետք է պահենք գլխուղեղում։ Ոչ մի զարգացում ունակ չէ կատարելագործելու մարդու ընդհանուր ընկալունակությունը։ Վերջինս իրենից ներկայացնում է մարդուն մշտապես տրված ֆիզիոլոգիական հատկություն, որը նա ի վիճակի չէ փոխել։ Սակայն բնածին ընկալունակությունը կարող է տատանվել՝ կախված մարդու ընդհանուր առողջական վիճակից։

Հիշողության կատարելագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիշողության լավացումը կապված է փաստերի մտապահման մեթոդների կատարելագործման հետ։ Ջեյմսն առանձնացնում է այդպիսի մեթոդների երեք տեսակ՝ մեխանիկական, ռացիոնալ և տեխնիկական։ Մեխանիկական մեթոդը ներառում է մտապահման հետ կապված տպավորությունների ինտենսիվության ավելացումն ու ուժեղացումը։ Ռացիոնալ մեթոդը ընկալվող երևույթների տրամաբանական վերլուծությունն է, որոշակի համակարգի մեջ նրանց խմբավորումը։ Կան մի շարք արհեստական, տեխնիկական մեթոդներ, որոնց օգնությամբ հիշողության մեջ կարելի է մտապահել միմյանցից հետ չկապված փաստերի մեծ քանակ, որը հնարվոր չէ մտապահել սովորական ճանապարհով։

Վերարտադրում և մոռացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե որևէ երևույթի մենք հաճախ ենք հանդիպում՝ կախված նրան շրջապատող բազմազան ու բազմաքանակ տարրերի հետ, ապա, չնայած վերջինս շատ հեշտ է վերարտադրվում, բայց մեք չենք կարողանում այն վերագրել որոշակի միջավայրի և հետևաբար մեր անցյալի որևէ ամսաթվի։ Այսպիսի արդյունք է ստացվում այն դեպքում, երբ անցյալում տվյալ երևույթի լոկալիզացումը կոնկրետ չէ։ Այս դեպքում մենք զգում ենք, որ տեսել ենք տվյալ օբյեկտը, բայց որտեղ և երբ, չենք հիշում, թեև թվում է, որ հիմա կհիշենք։ Մոռացումը նույնքան կարևոր ֆունկցիա է մեր ինտելեկտի համար, որքան մտապահումը։ Եթե մենք հիշենք ամեն ինչ, ապա կլինեինք նույն անելանելի վիճակում, եթե չհիշեինք ոչինչ։ Փաստի վերհիշումը կպահանջեր նույնքան ժամանակ, որքան անցել է նրա ձևավորումից մինչև վերհիշում, և այս կերպ մենք առաջ չէինք շարժվի մեր մտածողության մեջ։

  • Джеймс В., Психология /Под.ред. Л.А. Петровской.-М.: Педогогика, 1991.-368с.