Հիդրոֆոբություն
Հիդրոֆոբություն, ջրավախություն, ջրի նկատմամբ նյութի խնամակցությանը բնորոշող հատկություն է, պայմանավորված է նյութի և ջրի միջմոլեկուլային փոխազդեցության ուժերով։ Հիդրոֆոբութունը լիոֆոբության (որևէ հեղուկի նկատմամբ նյութի խնամակցությունը բնորոշող հատկությունների) մասնավոր դեպք է։ Հիդրոֆոբության չափը մարմնի մակերևույթի և ջրի մոլեկուլների միջև կապի էներգիան է (թրջման ջերմություն)։ Քանի որ ջրի և նրա հետ հպվող ցանկացած նյութի մոլեկուլների միջև միշտ գործում են միջմոլեկուլային ձգողության ուժեր, ապա հիդրոֆոբությունը փաստորեն չափազանց փոքր հիդրոֆիլություն է։ Հիդրոֆոբութունը կարելի է գնահատել նյութի հարթ մակերևույթի հետ նրա վրա գտնվող ջրի կաթիլի կազմած եզրային անկյան՝ արժեքով։ Հիդրոֆոբ են ճարպերը, մոմերը, գրաֆիտը, ծծումբը։ Պինդ մարմիններին և մակերևույթներին վերագրվող հիդրոֆոբության և հիդրոֆիլության միաժամանակ առանձին մոլեկուլների և նրանց առանձին մասերի հատկություններ են։ Մակերևութային ակտիվ նյութերի մոլեկուլները ադսորբվում են մարմնի վրա և փոխում նրա մակերևույթի հիդրոֆոբությունը և հիդրոֆիլությունը։ Այդ երևույթը օգտագործվում է հանքանյութերի ֆոտացիոն հարստացման, կտորեղենը ներկելու, սպիտակեցնելու և անջրանցիկ դարձնելու նպատակով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 402)։ |