Հանքային գազ
Հանքային գազ, այրվող գազ . անջատվում է ածխահանքահորերում, սակավ՝ աղի, մետաղների և ծծմբի հանքարաններում։ Հանքային գազ անգույն է, օդից թեթև, հիմնականում կազմված է մեթանից։ Պարունակում է նաև ազոտ, նեոն, արգոն, ջրածին, ածխաթթու գազ և այլն։ Առաջանում է օգտակար հանածոների հանքավայրերում միկրոօրգանիզմների, ջերմության, ճնշման, երբեմն ռադիոակտիվ ճառագայթման ազդեցությամբ օրգանական նյութերի քայքայման հետևանքով։ Օդում հանքային գազի 5-16% (ըստ մեթանի) պարունակության դեպքում ստեղծվում է պայթուցիկ խառնուրդ, որը կարող է առաջացնել պայթյուններ ու հրդեհներ հանքարաններում և հանքահորերում (Հանքային գազի թույլատրելի կոնցենտրացիան՝ 0, 5%-2%)։ Հանքային գազի քանակության նվազեցումը կատարվում է հանքարանային օդափոխության միջոցով։ Հանքային գազը իջեցնում է թթվածնի կոնցենտրացիան հանքարանային մթնոլորտում, որը կարող է դառնալ շնչահեղձության պատճառ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 232)։ |