Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սոցիալական պաշտպանության համակարգը պետության կարևոր կառույցներից է, որի գործունեությունը միտված է ապահովելու հասարակության բոլոր շերտերի սոցիալական պաշտպանությունը և սոցիալական իրավունքների իրացումը։
Ներածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալական պաշտպանության համակարգը պետության կարևոր կառույցներից է, որը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։ Սոցիալական ծառայությունները քաղաքացիներին մատուցվում են անվճար։ Ծառայությունների աշխատանքները համակարգում, միասնական քաղաքականությունը վարում, ինչպես նաև մեթոդական և կազմակերպչական օգնությունն իրականացնում է Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը։
Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգը Առաջին հանրապետության տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի առաջին հանրապետության երկրորդ կառավարության վերակազմավորման ժամանակ 1918 թ. նոյեմբերին, ստեղծվել է հանրային խնամատարության նախարարությունը, իսկ 1919 թվականի ապրիլի 8-ին վերանվանվել է Հանրային խնամատարության և աշխատանքի նախարարություն։ Մինչև 1919 թ. հուլիսի 5-ը երկրում մթերքների հայթայթումը և բաշխումը կազմակերպելու աշխատանքով զբաղվում էր պարենամթերման նախարարությունը։ 1919 թ. հուլիսի 5-ին վերջինիս լուծարումից հետո այդ գործառույթներն անցան հանրային խնամատարության և աշխատանքի նախարարությանը։ 1920 թ. հունվարի 8–ին նախարարությունը վերանվանվել է Հանրային խնամատարության և վերաշինության նախարարություն։ Այն ունեցել է հետևյալ բաժինները՝ որբանոցային, գաղթականական, աշխատանքի կազմակերպման, բժշկասանիտարական, աշխատանքի պաշտպանության, ճարտարապետական, շինարարական։
1918-1920 թթ. ծանր տարիներ էին. 1915 թ. եղեռնից և առաջին համաշխարհային պատերազմից հետո հարյուր հազարավոր գաղթականներ ու կարոտյալներ, տևական պատերազմ թուրքերի հետ և այլն։ Հայ ժողովուրդը ստացավ դարերով երազած անկախությունը, ստեղծվեց առաջին Հայաստանի Հանրապետությունը ու կանգնեց բազմաթիվ դժվարությունների առաջ։ Չնայած այդ ամենին՝ հանրային խնամատարության ու վերաշինության նախարարությունը իր ներկայացուցիչներն ուներ թե Վրաստանում, թե Ադրբեջանում և հատուկ միջոցներ էր հատկացնում վիրահայության, ադրբեջանահայության կարիքները հոգալու համար։ Այդ շրջանում մի նախարարը երբեմն ղեկավարել է մեկից ավելի նախարարություն, քանի որ, բացի հանրապետության ներքին խնդիրներից, առաջանում էին սահմանների պաշտպանության, զենքի ձեռքբերման, արտաքին հարաբերություններին առնչվող հարցեր։ Այդ ժամանակաշրջանի նախարարները հիմնականում ունեցել են բարձրագույն կրթություն, եղել կիրթ ազգային գործիչներ։ Առաջին հանրապետության նախարարներն են եղել՝ Կարճիկյան Խաչատուր, Մանուկյան Արամ, Խատիսյան Ալեքսանդր, Թորոսյան Սահակ, Տեր-Միքայելյան Հովհաննես, Սահակյան Ավետիք, Բաբալյան Արտաշես, Արարատյան Սարգիս, Տերտերյան Համբարձում։
Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգը Երկրորդ հանրապետության տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի խորհրդայնացումից հետո այդ նախարարներին փոխարինեցին բոլշևիկ ժողկոմները, որոնցից առաջինները գաղափարականացված, բարձրագույն կրթություն ստացած ազգային գործիչներ էին, որոնք հետագայում ավելի բարձր պաշտոններ զբաղեցրեցին, ապա գնդակահարվեցին 1937 թ.։
1920 թ դեկտեմբերի 8-ին նախարարությունը կազմակերպվել է որպես խնամատարության և վերաշինության կոմիսարիատ, այնուհետև, դեկտեմբերի 21-ին, սոցիալական ապահովության ժողկոմատ։ 1925-ի մարտի 12-ին վերանվանվել է Աշխատանքի և սոցիալ ապահովության ժողկոմատ։ 1946-ին վերակազմվել է ՀՍՍՀ սոցիալական ապահովության մինիստրությունը։
Մինիստրության կազմի մեջ էին մտնում կենսաթոշակների ու նպաստների, աշխատանքի տեղավորման և կենցաղի կազմակերպման, վերստուգիչ, վերահսկիչ, բժշկաաշխատանքային փորձաքննության, ֆինանսական« պլանային, կապիտալ շինարարության, վարչատնտեսական բաժինները, կենտրոնական հաշվապահությունը և անհատական կենսաթոշակառուների տեսչությունը։
Մինիստրության ենթակայության տակ էին կենսաթոշակների և նպաստների հաշվարկման և վճարման, նաև ինֆորմացիոն հաշվողական հանրապետական կենտրոնները, հաշմանդամների, տարեցների և մանկական տուն-ինտերնատները, փորձարարական-արտադրական պրոթեզաօրթոպեդիկ ձեռնարկությունը, բժշկաաշխատանքային փորձաքննության և պրոթեզավորման հիվանդանոցը, հանրապետական, միջշրջանային, շրջանային բժշկաաշխատանքային փորձաքննության հանձնաժողովները, կույրերի, խուլ-համրերի միավորումները, ժողդեպուտատների շրջանային և քաղաքային սովետների գործկոմների սոցիալական ապահովության բաժինները։ Երկրորդ հանրապետության տարիներին նախարարի պաշտոնը զբաղեցրել են՝ Կոստանյան Հայկազ, Տեր-Սիմոնյան Դրաստամատ, Խաչիկյան (Խաչիև) Արշակ, Հովսեփյան Խորեն, Էֆենդի Բալա Իբրահիմօղլի, Ալի Թաղի - Զադե, Աղամալյան Արտեմ, Գալստյան Զորապետ, Մադոյան Ղուկաս, Մելքոնյան Լևոն, Գալստյան Ռուբեն, Բալայան Նարինե։
Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգը 1990 թվականից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Ետխորհրդային շրջանում, 1990 թ., ՀՀ սոցիալական ապահովության մինիստրությունը վերակազմավորվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության։ 1995-ի ԱԺ-ի ընտրություններից հետո ՀՀ Նախագահի հրամանագրով փոփոխություն կատարվեց կառավարության կառուցվածքում. նախարարությունը վերակազմավորվեց սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերով նախարարության։
1996 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով կառավարության կառուցվածքի նոր փոփոխություն տեղի ունեցավ. 1996 թ. նոյեմբերի 8-ին նախարարությունը վերակազմավորվեց սոցիալական ապահովության նախարարության։
2000 թ. փետրվարի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, նախարարությունը միաձուլման ճանապարհով վերակազմավորվեց ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության։
2000 թ. մայիսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նախարարությունը տարանջատման ճանապարհով վերակազմավորվեց ՀՀ սոցիալական ապահովության նախարարության։ 2003 թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նախարարությունը վերանվանվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Անցումային շրջանի առաջին տարիները անասելի ծանր էին ժողովրդի համար։ Չէին վերացել 1988 թվականին հանրապետության տարածքի մեկ երրորդն ավերած և մոտ 25 հազար մարդու կյանք խլած երկրաշարժի հետևանքները, երբ նոր հիմնախնդիրներ գումարվեցին՝ շրջափակում, բռնի տեղահանվածների ներգաղթ, էներգետիկ ճգնաժամ, գործազրկություն և այլն։ 1992 թվականին պաշտոնապես հայտարարվեց, որ հանրապետությունում աղքատությունը 94 տոկոս է։ Սա նշանակում է, որ ժողովուրդը հայտնվել էր անելանելի կացության մեջ, իսկ նորանկախ պետության համար շատ դժվար էր միայնակ հաղթահարել սոցիալ-տնտեսական դժվարությունները։
Այդ տարիներին ՀՀ կառավարությունը տնտեսական բարեփոխումներ էր իրականացնում, ընթացքի մեջ էր օրենսդրական դաշտի ձևավորումը։ Առաջնահերթությունների շարքում էր մարդասիրական օգնությունը։ ՀՀ Նախագահը հանձնարարեց ՀՀ կառավարությանը՝ ստեղծել մի համակարգ, որը պետք է կազմակերպեր մարդասիրական օգնության հասցեագրված բաշխման աշխատանքները։ Ձևավորվեց աշխատանքային խումբ, ներգրավվեցին համապատասխան մասնագետներ, մշակվեց հստակ կանոնակարգ, և ստեղծվեց "Փարոս" համակարգը։
Այդ կառույցն աշխատեցնելու համար ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունում ձևավորվեց սոցիալական ծառայությունների ինստիտուտ իր տարածքային կառույցներով, որի շնորհիվ հնարավոր դարձավ կյանքի կոչել Փարոս համակարգը։ Այն կոչված էր ոչ միայն հստակորեն ճշտելու ընտանիքների անապահովության աստիճանը, այլև օպերատիվ և անաչառ կազմակերպելու մարդասիրական օգնության բաշխման աշխատանքները։
1990 թվականից մինչև այսօր ՀՀ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը զբաղեցրել են՝ Եսայան Աշոտ, Բագոյան Ռաֆայել, Հակոբյան Հրանուշ, Եգանյան Գագիկ, Մարտիրոսյան Ռազմիկ, Վարդանյան Աղվան, Համբարձումյան Արսեն, Պետրոսյան Գևորգ, Մնացականյան Մխիթար, Գրիգորյան Արթուր, Ասատրյան Արտեմ։