Jump to content

Կոքսացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոքսային վառարան

Կոքսացում, բնական վառելանյութերի (գլխավորապես քարածխի) արդյունաբերական մշակման մեթոդ։ Իրականացնում են կոքսավառարաններում վառելանյութերն առանց օդի մուտքի, 950—1050 °C տաքացնելով։ Կոքսացման հիմնական նյութը կոքսն է։

Ածուխների կոքսացումն ընթանում է մի քանի փուլով։ Մինչև 250 °C տաքացնելիս ածխից գոլորշիանում է խոնավությունը, և անջատվում են քայքայման նյութերը՝ CO-ն և CՕ2-ը։ 300 °C-ում անջատվում են ոչ մեծ քանակով թեթև խեժեր և ածխի բաղադրության մեջ մտնող թթվածնավոր միացությունների քայքայումից առաջացած պիրոգենետիկ խոնավությունը։ Մոտավորապես 350 °C-ում ածուխը փափկում է՝ անցնելով խմորանման, պլաստիկ վիճակի։ Հալույթում ածուխը բուռն քայքայվում է՝ անջատելով առաջնային նյութեր՝ գազ և կուպր։ Ածխածնային ծանր մնացորդներն ածխի քայքայումից պնդանում են մոտ 500 °C-ում, առաջանում է պինդ ծակոտկեն նյութ՝ կիսակոքս։ Հետագա տաքացման դեպքում կիսակոքսը կորցնում է մնացորդային ցնդող նյութերը, գլխավորապես ջրածին, և ենթարկվում կծկման։ 700 °C-ից բարձր կիսակոքսը ամբողջովին փոխարկվում է կոքսի։ Քայքայման առաջնային նյութերը, շփվելով վառարանի շիկացած պատերին ու վերնամասին, ինչպես նաև կոքսին, ենթարկվում են ջերմային քայքայման և փոխարկվում երկրորդային նյութերի։ Գազի բաղադրության մեջ գերակշռողը դառնում են է H2-ը (50% ըստ ծավալի) և CH4 (25% ), իսկ գոլորշիների բաղադրության մեջ՝ արոմատիկ շարքի ածխաջրածինները։ Երկրորդային նյութերը հավաքում են և կիրառում քիմիական արդյունաբերության մեջ։ Պատրաստի կոքսն անցնում է ածխամարիչ խցիկ, որտեղ սառեցվում է ջրով կամ իներտ գազերով։ Կոքսացումն տևում է 13—18 ժ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 665