Jump to content

Կոլուվեռե ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլուվեռե ամրոց
Նկարագրություն
Տեսակդղյակ
ՏեղագրությունԷստոնիա Լյաենեմաա, Կոլուվեռե
Վարչական միավորԼյաենե-Նիգուլա (Էստոնիայի շրջան)[1]
Երկիր Էստոնիա
ԿառուցվածXIII դար
Շինանյութքար
ՃակատամարտերԼոդեի ճակատամարտ (1573)
Կայքkoluvereloss.com
Քարտեզ
Քարտեզ
 Koluvere Castle Վիքիպահեստում

Կոլուվեռե ամրոց (էստ․՝ Koluvere linnus, ռուս.՝ Замок Лоде, գերմ.՝ Schloss Lohde), նաև՝ Կոլուվեռեի եպիսկոպոսական ամրոց (էստ․՝ Koluvere piiskopilinnus), ամրոց արևմտյան Էստոնիայում՝ Լյաենեմաա նահանգի Կոլուվեռե բնակավայրում։

Ամրոցի կառուցման վերաբերյալ ճշգրիտ փաստեր չկան։ Ընդունված է համարել, որ ամրոցը կառուցվել է Լոդե տոհմի կողմից 13-րդ դարի վերջերին։ 1439 թվականին այն անցել է Սաարե-Լյաենեմայան (գերմ.՝ Ösel-Wiek, նաև՝ Էզելյան) եպիսկոպոսությանը և դարձել է եպիսկոպոսի հիմնական նստավայրերից մեկը[2]։ Լիվոնյան պատերազմի տարիներին Կոլուվեռե ամրոցի մոտակայքում 1573 թվականին շվեդական ու ռուսական զորքերի միջև տեղի է ունեցել ճակատամարտ, որ կոչվել է Լոդեի ճակատամարտ։ Այդ ճակատամարտում շվեդներն ունեին թվական գերազանցություն, ու նրանք էլ հաղթանակ են տարել[3]։

1560 թ. ծագած ապստամբության ժամանակ գյուղացիները, ըստ տարածված կարծիքի, փորձել են հարձակմամբ գրավել ամրոցը[3]։

1646-1771 թթ. ամրոցը պատկանել է ֆոն Լեվենների ընտանիքին։ Այդ ժամանակ այն այլևս ռազմական կարևոր նշանակություն չուներ և օգտագործվում էր սոսկ որպես արիստոկրատական բնակավայր։ 1771 թ. ամրոցն անցավ Գրիգորի Օռլովի ձեռքը, որից հետո դարձավ Եկատերինա II կայսրուհու սեփականությունը։ 1786 թ. կայսրուհին Կոլուվեռե ամրոցում տեղավորեց Ավգուստա Բռաուշվեյգ-Վոլֆենբյուտելսկայա դքսուհուն, որ խնդրել էր իրեն ապահով տեղ ուղարկել, որպեսզի հեռու լինի բռնակալ ամուսնուց՝ Վյուրտեմբերգի արքա Ֆրեդերիկ I-ից։ Ավգուստան մահացավ 23 տարեկան հասակում չբացահայտված հանգամանքներում։ 1797 թ. Պավել I կայսրն ամրոցը նվիրեց Ֆրեդերիկ Վիլհելմ ֆոն Բուկսգեվդենին, որի ժառանգների տիրապետության տակ ամրոցը մնաց մինչև 1919 թ.[4]։

1924-2001 թթ. Կոլուվեռեի ամրոցն օգտագործվում է բարեգործական տարբեր կազմակերպությունների կողմից։

Ռեինհոլդ ֆեն Բուքսհոեվեդենի զինանշանը

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը կառուցվել է արհեստական կղզյակի վրա՝ Լիիվի գետի վրա։ Բարձր, քառանկյունաձև աշտարակը պատկանել է ամրոցի հնագույն հատվածին և կառուցվել է, ամենայն հավանականությամբ, 13-րդ դարի սկզբում, ինչը վկայում է, որ այն Էստոնիայի հնագույն աշտարակներից մեկն է։ Հրազենային զենքերի կատարելագործման հետևանքով առաջացել է պաշտպանական նոր կառույցների անհրժեշտություն, և 16-րդ դարում կառուցվել է մեծ, շրջանաձև կանոնավոր աշտարակը։ Մոտավորապես այդ ժամանակ է Կոլուվեռե ամրոցի քարերից մեկին քանդակվել Սաարե-Լյաենեմայան շրջանի եպիսկոպոս Ռեինհոլդ ֆեն Բուքսհոեվեդենի զինանշանը (1532-1541)[5]։

Ամրոցի՝ ֆոն Լեվենների ընտանիքին պատկանելու ժամանակամիջոցում ամրոցը կորցրել էր իր ռազմական նշանակությունը, և բնակիչներն այն վերակառուցել են հարմարավետ բնակության համար։ 1770-ական թթ. ամրոցի ինտերիերը զարդարել են Ռոկոկո ոճով, իսկ ավելի ուշ՝ 19-րդ դարում, նոր-գոթական ոճով[6]։

Գլխավոր մասնաշենքին կից օժանդակ կառույցների շինությունը կատարվել է այդ ընթացքում։ Կառուցվել են ախոռներ, էլեկտրակայան։ Պարտեզում ստեղծվել են լճակներ, տաղավար, կամուրջ (19-րդ դար)[7]։

Մի քանի անգամ կրակը վնասել է ամրոցը, դրանցից առավել ավերիչ են եղել 1840, 1905 և 1963 թթ. հրդեհները, սակայն մինչև օրս ամրոցը կանգուն է և համարվում է էստոնական ճարտարապետության լավագույն կոթողներից մեկը[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Էստոնիայի մշակութային հուշարձանների ազգային գրանցամատյան — 1994.
  2. Hein, Ants (2009). Eesti Mõisad - Herrenhäuser in Estland - Estonian Manor Houses. Tallinn: Tänapäev. էջ 103։
  3. 3,0 3,1 Viirand, Tiiu (2004). Estonia. Cultural Tourism. Kunst Publishers. էջ 107
  4. Viirand, Tiiu (2004). Estonia. Cultural Tourism. Kunst Publishers. էջ 107–108
  5. Viirand, Tiiu (2004). Estonia. Cultural Tourism. Kunst Publishers. էջ 107–108:
  6. Sakk, Ivar (2004). Estonian Manors - A Travelogue. Tallinn: Sakk & Sakk OÜ. էջ 308–309:
  7. Sakk, Ivar (2004). Estonian Manors - A Travelogue. Tallinn: Sakk & Sakk OÜ. էջ 308–309
  8. Viirand, Tiiu (2004). Estonia. Cultural Tourism. Kunst Publishers. էջ 107–108.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլուվեռե ամրոց» հոդվածին։