Թարթիչավոր որդեր
Թարթիչավոր որդեր (լատին․՝ Turbellaria), տափակ որդերի դաս։ Երկսիմետրիկ կենդանիներ են, մարմինը (երկարությունը՝ 0,2–35 սմ) իլիկաձև է, ժապավենա–տերևաձև՝ պատված թարթիչավոր էպիթելով (այստեղից՝ անվանումը)։ Փոքր ձևերի թարթիչները ծառայում են շարժմանը, խոշորները՝ շարժվում են մկանային համակարգի կծկմամբ։ Մարմնի խոռոչ չունեն, ներքին օրգանների միջև եղած տարածությունը լցված է պարենքիմով։ Բերանի անցքը գտնվում է փորի կողմում կամ մարմնի կենտրոնում և տանում է դեպի մկանոտ կլանը։ Արյան շրջանառության օրգաններ չունեն։ Շնչառությունը մաշկային է, մարսողությունը՝ ներբջջային, հետանցք չունեն։ Արտաթորության օրգանները պրոտոնեֆրիդներն են։ Ստորին ձևերի նյարդային համակարգը դիֆուզ տիպի է, բարձրակարգերինը՝ հանգուցային։ Թարթիչավոր որդերը երկսեռ են, բազմանում են սեռական, որոշ տեսակներ՝ անսեռ ճանապարհով։ Զարգացումը հիմնականում ուղղակի է, որոշ բազմաճյուղաղիների (Polycladida) բնորոշ է մյուլլերյան թրթուրը։ Ազատ ապրող են, աչքերր լավ են զարգացած, ունեն հավասարակշռության օրգաններ՝ ստատոցիստներ։ Տարածված են ծովերում և քաղցրահամ ջրերում։ Ցամաքային պլանարիաները ապրում են արևադարձային խոնավ անտառներում։ Մեծ մասը գիշատիչ է, ծովային որոշ տեսակներ մակաբույծներ են։ Թարթիչավոր որդերի բազմաթիվ տեսակների պարենքիմը պարունակում է գունավոր հատիկներ, որոնցից որդերն ստանում են վառ գունավորում։ Թարթիչավոր որդերի դասն ընդգրկում է 11 – 12 կարգ, 3000 տեսակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 150)։ |