Էջկապ
Արտաքին տեսք
Էջկապ, առանձին պատրաստած տպագրական ֆորմայից միատեսակ ֆորմատի երեսներ կազմելու պրոցես՝ դրանց կից դնելով էջաթվեր, էջախորագրեր, մամլադրեր, մամլանիշներ, առանձին երեսով գնացող տիտղոսաթերթեր, ձոներ, ոտանավորներ և այլն։
- Տպագրական կաղապարի պատրաստման պոլիգրաֆիական պրոցես։ Էջկապի ժամանակ որոշվում է էջերի թիվը, էջում՝ տողերի թիվը, վերնագրի, պատկերազարդումների, տիտղոսատարրերի, տեղեկատու նյութերի տեղադրումը, նախնական էջերում բացատների չափերը ևն։ Էջկապ կատարվում է տպարանում, ըստ հրատարակության մակետի կամ ըստ շարվածքի և կլիշեի շարվածասյան տպվածքների վրա կատարված նշումների։ Առանց սյուների տպագրության դեպքում էջկապ կատարվում է ըստ բնագրի վրա կատարված նշումների։ Ըստ բնագիր–մակետի էջկապի դեպքում բնագիր–մակետը տպարան է իջեցվում էջավորված մակետի տեսքով՝ ճշգրիտ և վերջնական հաշվարկով, բոլոր նյութերի նշումով։ Էջկապի գլխավոր խնդիրն է տեքստի տրամաբանական կառուցվածքի դրսևորումը, դյուրընթեռնելիության, էջերի և ամբողջ հրատարակության անհրաժեշտ համամասնությունների ապահովումը։ Տեքստը էջկապվում է մեկ, երկու, երեք և ավելի շարվածասյուներով։ Պատկերազարդումների էջկապի համար կան մի քանի հիմնական սխեմաներ, բաց (պատկերազարդումները տեղադրվում են էջի վերևում կամ ներքևում), փակ (պատկերազարդումները տեքստով սահմանափակվում են վերևից և ներքևից), խուլ (պատկերազարդումները տեքստով սահմանափակվում են բոլոր կողմերից, ինչպես նաև տեղադրվում են լուսանցքում կամ մասամբ դուրս են բերվում լուսանցք)։
- Էջկապված շարվածքի (սրբագրության) տպվածք՝ սխալների ուղղման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 64)։ |