Jump to content

Էլիկում Բաբայանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիկում Բաբայանց
Դիմանկար
Ծնվել է1867
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ֆրանսիա
ԿրթությունԼեռնային ինստիտուտ (1894)
Մասնագիտությունմինցմեյտեր և լեռնային ճարտարագետ

Էլիկում Հովհաննեսի Բաբայանց (1867 - անհայտ), հայազգի ռուսաստանցի մինցմեյստեր, լեռնային ճարտարագետ, հասարակական գործիչ։ 1916-1918 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի դրամահատարանի ղեկավարը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիկում Բաբայանցը ծնվել է մանր բուրժուայի ընտանիքում։ 1894 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի լեռնային ինստիտուտը, ինչից հետո երկար տարիներ աշխատել է Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում։ Աշխատել սկսել է, որպես արծաթի վերամշակման կառավարչի կրտսեր օգնական։ 1899 և 1906 -1913 թվականներին եղել է արծաթի և ոսկու մշակման կառավարիչ (մինցմեյստեր)։ 1913-1916 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի դրամահատարանի ղեկավարի օգնական։ 1916 թվականին ստանձնել է դրամահատարանի ղեկավարությունը[1]։

Ունեցել է սեփական մինցմեյստերական նշան՝ «ԷԲ» (ռուս.՝ «ЭБ»)[2][3]։ Տվյալ նշանով պիտակված մի շարք մետաղադրամներ դրամագիտական արժեք են ներկայացնում, օրինակ՝ 5, 10, 15, 20 կոպեկանոցները։ 1911 թվականին Բաբայանցի անմիջական ղեկավարությամբ թողարկվել են Ռուսաստանի առաջին նիկելե մետաղադրամները։ Այս մետաղադրամները նույնպես դրամագիտական հազվադեպություն են[4]։

Մինցմեյստերական աշխատանքի հետ մեկտեղ, Բաբայանցը ակտիվ զբաղվել է լեռնային ճարտարագիտությամբ։ Նրա խմբագրմամբ Սանկտ Պետերբուրգի մշտական խորհրդատվական գրասենյակը հրատարակել է «Երկաթուղու նյութերի և իրերի մատակարարման համար երկաթուղային տրանսպորտի նախարարության կողմից տրված տեխնիկական պայմանների և հրահանգների հավաքածուն»[5]։

Բաբայանցը նաև ակտիվ հասարակական կյանք է վարել։ Գլխավորել է Սանկտ Պետերբուրգի դրամատանը կից լեռնային հանքարդյունաբերության վարկա-խնայողական դրամարկղի վարչությունը։ Տասը տարուց ավելի եղել է Սանկտ Պետերբուրգի Հայկական ակումբի վարչության անդամ։ Ռուսական կայսրության մայրաքաղաքի հայ բնակչության շրջանում զբաղվել բարեգործական, մշակութային և կրթական գործունեությամբ։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Բաբայանցը ստիպված հեռացել է երկրից։ Ապրել է Ֆրանսիայում։ Աշխատել է որպես մետաղների մշակման ճարտարագետ։ 1933 թվականին եղել է Ռուս դիպլոմավորված ճարտարագետների միության վարչության անդամ։ Հետագա ճակատագիրն անհայտ է[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Аверс и реверс истории / [Ред. кол.: А.В. Митяева и др.]. — М.: Международный нумизматический клуб, 2016. — 216 с. — ISBN 978-5-9906902-6-4
  • Золотые монеты в истории династии Романовых. Каталог выставки. Международный нумизматический клуб. — М.: Лингва-Ф, 2017. — 432 с. — ISBN 978-5-91477-038-6

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Российское зарубежье во Франции. 1919—2000: биогр. словарь: в 3 т. / под. общ. ред. Л. Мнухина, М. Авриль, В. Лосской. — М: Наука, Дом-музей Марины Цветаевой, 2008—2010. — Т. 3.
  2. Аверс и реверс, 2016, էջ 53
  3. Золотые монеты, 2017, էջ 387
  4. Казаков В. В. Монеты царствования императора Николая II. — М., 2004.
  5. Сборник технических условий и инструкций, преподанных по Министерству путей сообщения на поставку материалов и изделий для железных дорог / Под ред. горн. инж. Э. И. Бабаянца. — СПб.: Постоян. совещат. контора железнозаводчиков, 1911.