Զազի Զազյան
Զազի Զազյան | |
---|---|
Ծնվել է | 1922 |
Ծննդավայր | Կրասնոսելսկի շրջան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1949) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | մանկավարժ |
Աշխատավայր | Շոթա Ռուսթավելու անվան թիվ 23 դպրոց, Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց և ՀԱՊՀ |
Զազի Ֆրիդոնի Զազյան (1922, Կրասնոսելսկի շրջան), հայ մանկավարժ։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու (1980), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զազի Զազյանը ծնվել է 1922 թվականին, Կրասնոսելսկի շրջանի Վերին Ճամբարակ գյուղում։ 1940 թվականին Դիլիջանի մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Կրասնոսելսկի շրջանի Հին Բաշքենդ գյուղի միջնակարգ դպրոցում, դասավանդել է մաթեմատիկա[1]։
1940 թվականին Զազին զորակոչվել է կարմիր բանակ։ 1941 թվականի հունիսին Արևմտյան ռազմաճակատի 217-րդ հրետանային գնդում եղել է հրետանային նշանառու։ Վիրավորվել է Սառնի քաղաքի պաշտպանության ժամանակ։ 1941 թվականի աշնանը Զազյանը մասնակցել է Մոսկվայի համար մղված մարտերին։ 1943 թվականին Սմոլենսկի մարզի Վիլիժ քաղաքի ազատագրման համար մղված մարտերից մեկում երկրորդ անգամ է ոտքից ծանր վիրավորվել և ուղարկվել է հոսպիտալ[1]։
1944 թվականի մարտին զորացրվել է որպես պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, որն ավարտել է 1949 թվականին։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Երևանի Շոթա Ռուսթավելու անվան դպրոցում, 1953-1974 թվականներին ֆիզիկա է դասավանդել Չարենցի անվան միջնակարգ դպրոցում։ 1972 թվականին Զազյանը եղել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ։ 1980 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների գծով[1]։